Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը ջուրը գցեց ԱՄՆ-ի քաղականությունը՝ հասնելու Իրանում ներքաղաքական ցնցումների. Վարդան Ոսկանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը ջուրը գցեց ԱՄՆ-ի քաղականությունը՝ հասնելու Իրանում ներքաղաքական ցնցումների. Վարդան Ոսկանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 10-01-2020 16:29:50   | Հայաստան  |  Քաղաքական



Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը ջուրը գցեց Միացյալ Նահանգների զանազան կառուցակարգերի տարիներ շարունակ իրականացվող քաղաքականությունը հասնելու Իրանում ներքին քաղաքական ցնցումների: 
 
Նման կարծիք հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: 
 
Ըստ նրա՝ իրանցի գեներալի սպանությունից հետո իրանական հասարակությունը խիստ համախմբված է և սոցիալական բողոքի գործողությունները զգալիորեն պակասել են: 
 
«Մենք ունենք Իրան, որն արտաքին վտանգի առջև համախմբված է, և այս իմաստով Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը ոչ միայն կորուստ էր Իրանի համար ռազմական տիրույթում, Մերձավոր Արևելքում ռազմական ճարտարապետություն կերտելու առումով, բայց նաև իր մահով նա շարունակում է ծառայել պետությանը և ժողովրդին»,- նկատեց Վ. Ոսկանյանը: 
 
Նրա փոխանցմամբ՝ այժմ Իրանում սգո լայնածավալ միջոցառումներ են ընթանում, որոնց ահռելի թվով մարդիկ են մասնակցում, ինչը ցույց է տալիս, թե ինչ մեծ հեղինակություն ուներ, համակրանք ու սեր էր վայելում Ղասեմ Սուլեյմանին իրանական հասարակությունում: 
 
Իրանագետի խոսքերով՝ այս պահին ԱՄՆ-ի հետ իրանական քաղաքական վերնախավը և հասարակությունը  բանակցությունների չի գնա՝ ելնելով թե քաղաքական բաղադրիչից, թե կրոնական առանձնահատկություններից: 
 
«Ըստ էության վրիժառության գործողություն իրականացվեց, և այդ գործողությունը պարտադիր էր թե քաղաքական, թե քարոզչական և թե կրոնական իմաստով: Գիտեք՝ շիայական իսլամում, ինչպես մեզանում ընդունված է սգո «Քառասունքը», այդ ընթացքում կոնկրետ մարդուն սպանածի հետ բանակցությունները բացառվում են նաև գաղափարախոսական և կրոնական առումներով: Հետևաբար այս պահին որևէ մեկը չի գնա Միացյալ Նահանգների հետ որևէ բանակցության ըստ իս»,- ընդգծեց Վ. Ոսկանյանը: 
 
Անդրադառնալով Իրան-ԱՄՆ հարաբերությունների ընդհանուր հեռանկարին՝ բանախոսը նշեց, որ Իրանն օգտագործելու է իր ունեցած բոլոր հնարավորությունները հասնելու իրենց հիմնական խնդրին. այն է՝ մերձավորարևելյան տարածաշրջանում կրճատելու Միացյալ Նահանգների զինված ներկայությունը: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական