ՌԴ-ի իշխող կուսակցությունը խնդրել է նոր վարչապետին վերանշանակել 1 նախարարի ու 3 փոխվարչապետի


ՌԴ-ի իշխող կուսակցությունը խնդրել է նոր վարչապետին վերանշանակել 1 նախարարի ու 3 փոխվարչապետի

  • 17-01-2020 13:25:30   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի Դաշնության նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում ձեւավորի նոր կառավարություն՝ ներկայացնելով նախարարների եւ փոխվարչապետների թեկնածուների անուններ:
 
Երկրի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Միշուստինին խնդրել են վերանշանակել կառավարության կազմի հետ հրաժարական ներկայացրած 1 նախարարի ու 3 փոխվարչապետի՝ հաշվի առնելով նրանց փորձն ու աշխատանքային հաջողությունները: Մասնավորապես, կուսակցությունը միջնորդել է փոխվարչապետներ Տատյանա Գոլիկովայի, Դմիտրի Կազակի, Ալեքսեյ Գորդեեվի եւ գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշեւի համար: Այս մասին հայտնել է «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը:
 
«Ведомости» թերթի տվյալներով՝ ՌԴ նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը կարող է դառնալ առաջին փոխվարչապետ: Ներկա պահին այդ պաշտոնը զբաղեցնում է Անտոն Սիլուանովը, որը համատեղությամբ նաեւ Ֆինանսների նախարարն է: Կրեմլում աշխատանքի անցնելուց առաջ Բելոուսովը կառավարությունում զբաղեցնում էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:
 
Նշվում է, որ կառավարության կազմում մնալու լավագույն շանսերն ունի Տատյանա Գոլիկովան, որը Մեդվեդեւի պաշտոնավարման շրջանում զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը՝ սոցիալական քաղաքականության գծով: Բավական բարձր շանսեր ունի նաեւ Դմիտրի Կազակը՝ որպես գործի գիտակ: 
 
Նախկին կառավարության կազմից, ըստ թերթի, ամենաթույլ օղակները բարձրագույն կրթության եւ գիտության նախարար Միխաիլ Կոտյուկովն ու Թվային զարգացման, կապի եւ մասսայական կոմունիկացիաների նախարար Կոնստանտին Նասկովն են, որոնց վերանշանակման շանսերը չափազանց փոքր են:
 
Ըստ թերթի վերլուծությունների՝ անհայտ է մնում ՌԴ կառավարության բազմամյա փորձ ունեցող Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետագա պաշտոնավարման հարցը:
 
Միխայիլ Միշուստինը նախարարների նոր ցանկը կներկայացնի արդեն եկող շաբաթ:
 
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձից հետո վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ ինքն ու կառավարության կազմը հեռանում են պաշտոններից, հրաժարական տվեց ամբողջ կառավարությունը: Պուտինն իր ուղերձում հայտարարել էր խորքային փոփոխությունների հսկայական շղթայի մասին, այդ թվում՝ երկրի Սահմանադրության փոփոխության մասին:
 
Մի քանի ժամ հետո Վլադիմիր Պուտինը երկրի վարչապետի պաշտոնում առաջարկեց Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, որը Պետդումայի կողմից հաստատվեց երեկ:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play