Փոխնախարար Բագրատ Բադալյանը շրջայց է կատարել Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգվող տեղամասերում

20-01-2020 16:03:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանի, շինարարության տեխհսկողություն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» ՀՁ թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսի, նախագծող և կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է կատարել Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող տեղամասերում, որտեղ, չնայած ձմեռային եղանակին, շարունակվում են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ 
 

Մ6 միջպետական ճանապարհի՝ «Թումանյան» կայարան-Բագրատաշենի սահմանային անցակետ 51.7 կմ երկարությամբ հատվածում միաժամանակ աշխատանքներ են տարվում երեք լոտերում։ Փոխնախարար Բադալյանը տարբեր հատվածներում կանգառներ է կատարել, լսել ճանապարհաշինարարների մտահոգություններն ու աշխատանքի ընթացքում ծագող խնդիրները: Փոխնախարարին ներկայացվել են աշխատանքների ընթացքը և
նրա վերջին այցելությունից հետո գրանցված առաջընթացը։ 
 
Մասնավորապես, լոտ 1-ում՝ Թումանյան-«Սանահին» կայարան հատվածում, «Հորիզոն-95» կազմակերպությունը կատարում է հողային, հորատապայթեցման, ինչպես նաև ջրահեռացման երկաթբետոնե խողովակների, հենապատերի կառուցման աշխատանքներ։ Շինարարության տեխհսկողություն իրականացնող ընկերության թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսը տեղեկացրեց, որ լոտ-1-ի որոշ հատվածներում աշխատանքները դանդաղ են ընթանում։ Կապալառու կազմակերպության ղեկավարը նշեց, որ պատճառը ճանապարհի նեղ լինելն է, բացի այդ, ստիպված են աշխատել ինտենսիվ երթևեկության պայմաններում, ինչը հնարավորություն չի տալիս, որպեսզի տեխնիկան աշխատի առավելագույն հզորությամբ։ Նշվեց նաև որոշակի նախագծային անճշտությունների մասին, որոնք նույնպես խոչընդոտում են աշխատանքի արագ ընթացքին։ Պարոն Բադալյանն ընդգծեց, որ նախագծային անճշտությունները պետք է վերացվեն նախագծողի կողմից և սեղմ ժամկետներում։ Քննարկվեցին նաև Օձունի խաչմերուկում երթևեկության պայմանների բարելավման հետ կապված հարցեր։
 
Լոտ 2-ում՝ «Սանահին» կայարան-Հաղպատ հատվածում, կապալառուն՝ «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը,  կատարել է հողային, հորատապայթեցման աշխատանքներ, կառուցել է ջրահեռացման խողովակներ և բետոնե վաքեր, հենապատեր և դեկորատիվ պատեր, կոյուղագիծ, տեղադրել է բազալտե եզրաքարեր։ Ներկայում իրականացվում են կապի մալուխների, կոյուղագծի և ջրագծի տեղափոխման աշխատանքներ, ճանապարհի մի հատվածում կատարվում էր ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում։ Աշխատանքները հատկապես ինտենսիվ են Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածում։ Ուշագրավ է‚ որ Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը համայնքների համար լուծում է նաև ենթակառուցվածքների հետ կապված մի շարք խնդիրներ, մասնավորապես վերականգնվում են տասնամյակներ շարունակ չվերանորոգված կոյուղագծեր, ջրագծեր և այլն։ Ալավերդու տարածքում ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների բարձր տեմպերի մասին փաստեցին նաև բնակիչները։ Վարդան Մանասյանը սպասում է, թե երբ պետք է ավարտվեն շինաշխատանքները, և իրենք ունենան բարեկարգ ճանապարհ։ «Նախկինում այս բնագավառում աշխատել եմ, աշխատատար, դժվար գործ է։ Իհարկե, մենք էլ ենք նեղվում շինարարությունից, բայց այլ տարբերակ չկա, այդպես պետք է լինի, մեկ-երկու օրվա գործ չէ։ Պետք է որակով անեն, և կարող եմ ասել, որ որակով էլ աշխատում են»,- ասաց Վարդան Մանասյանը։ 
 
Լոտ-3-ում, որն ընդգրկում է Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածը, աշխատանքներ է տանում իտալական «Սուարդի» ընկերությունը։ Այստեղ կատարվում են հողային, հորատապայթեցման, ջրահեռացման խողովակների, հենապատերի կառուցման, բետոնե վաքերի տեղադրման, 2 կամուրջների վերականգնման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները փոխնախարար Բագրատ Բադալյանին տեղեկացրին, որ արդեն Հայաստան են ներմուծել ապակեթելքավոր ցանցի անհրաժեշտ քանակություն։ Այն օգտագործվելու է Մ6 ճանապարհի Քարկոփ-Վրաստանի հետ սահմանային անցակետ հատվածում՝
ճանապարհի պատվածքին առկա ճաքերի՝ դեպի վերին շերտեր տարածման հավանականությունը նվազագույնի հասցնելու նպատակով։ Լոտ-3-ի առանձին հատվածներում, որտեղ տեղանքի պայմանները թույլ են տալիս, ծրագրի խորհրդատուի առաջարկությամբ, նախատեսվում է բետոնե հենապատերի փոխարեն ամրանավորված լիցք կառուցել, որը համեմատաբար ավելի քիչ ծախսատար է։ Այս տեխնոլոգիան Հայաստանում կիրառվելու է առաջին անգամ։ 
 
Շրջայցի արդյունքներն ամփոփվեցին շինարարության տեխհսկողություն իրականացնող ընկերության գրասենյակում անցկացված քննարկման ընթացքում։  Արծարծվեցին ճանապարհի հիմնանորոգման հետ կապված մի շարք հարցեր, դրանց լուծման տարբերակներ։ Փոխնախարար Բագրատ Բադալյանը հանձնարարեց ճանապարհի հիմնանորոգման ընթացքն արագացնել, պահպանել նախանշված ժամկետները և առանձնահատուկ ուշադրություն դարձնել  որակին։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 398 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար