Դիմելու եմ հացադուլի. Ալեքսանդր Քանանյանը պահանջում է դադարեցնել Քարվաճառի շրջանում լայնածավալ ՀԷԿ-ի շինարարությունը

20-01-2020 18:19:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
Քարվաճառում բնակվող քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը Ֆեյսբուքի իր էջում նշել է.
 


ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
 
ՔԱՐՎԱՃԱՌԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՓՈՔՐ ՀԷԿ֊ԱՇԻՆՈՒԹԵԱՆ
ԱՆՎԵՐԱՊԱՀ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
 
Ելնելով քրէաւրէն հետապնդելի կոռուպցիոն գործարքների շրջանակում Քարվաճառի շրջանում փոքր ՀԷԿ֊երի անվերահսկելի շինարարութեան հետեւանքով ստեղծուած համապարփակ բնական աղէտը կանխելու ազգային հրամայականից,
 
Պահանջում եմ․
 
Ա․ Սոյն պահանջագիրը Քարվաճառի շրջանի վարչակազմին յանձնելու պահից 24 ժամուայ ընթացքում (2020 թ․ յունուարի 21֊ի ժամը 12.00-ին) լիովին դադարեցնել Տրտու (Թարթառ) գետի վերին աւազանում ընթացող առանց բացառութեան բոլոր ՀԷԿ֊աշինական աշխատանքները,
 
Բ․ Սոյն պահանջագիրը Քարվաճառի շրջանի վարչակազմին յանձնելու պահից 48 ժամուայ ընթացքում (2020 թ․ յունուարի 22֊ի ժամը 12.00-ին) ՀԷԿ֊աշինական տարածքներից ամբողջովին դուրս բերել ողջ շինտեխնիկական շարժակազմը եւ կենտրոնացնել այն հանրային եւ ոստիկանական
վերահսկողութեան համար յարմար վայրում,
 
Գ․ Սոյն պահանջագիրը Քարվաճառի շրջանի վարչակազմին յանձնելու պահից մեկ շաբաթուայ ընթացքում (2020 թ․ յունուարի 27֊ի ժամը 12.00-ին) Արցախի կառավարութեանը յանձնարարել հանդէս գալ յատուկ պաշտաւնական յայտարարութեամբ՝ Քարվաճառի շրջանում այսուհետ որեւէ նոր փոքր ՀԷԿ կառուցելու մտադրութիւնից իսպառ եւ հիմնաւորապէս հրաժարուելու վերաբերեալ։
 
Վերոնշեալ պահանջների ամբողջական եւ անվերապահ կատարումից յետոյ, ողջամիտ ժամկէտներում, պետական եւ հասարակական կազմակերպութիւնների, բնապահպանական եւ ֆինանսական ոլորտների արհեստավարժ փորձագէտների լայն ներկայացուցչական ներգրաւմամբ պէտք է ձեւաւորուի արցախեան ՀԷԿ֊աշինութեան ընթացքում բնապահպանական եւ ֆինանսական բնոյթի յանցագործութիւնները քննելուն ունակ յատուկ յանձնաժողով։ Այդ յանձնաժողովը լիակատար թափանցիկութեամբ պէտք է ուսումնասիրի Արցախում Բակո Սահակեանի եւ Արայիկ Յարութիւնեանի համատեղ կառավարման տարիներին կառուցուած իւրաքանչիւր ՀԷԿ-ի համապատասխանութիւնը գործող բնապահպանական կարգաւորումներին։
 
Յիշեալ յանձնաժողովի աշխատանքի արդիւնքների հրապարակումից յետոյ․
 
Ա․ 2019 թ․ վերջի դրութեամբ գործող ՀԷԿ֊երը պէտք է հնարաւորինս բերուեն առկայ բնապահպանական կարգաւորումների համապատասխանութեան դաշտ։ Դրանց գործունէութիւնը պէտք է գտնուի անկախ մշտադիտարկող խմբի խիստ վերահսկողութեան ներքոյ,
 
Բ․ 2019 թ․ վերջի դրութեամբ կառուցուող եւ գործել չսկսած ՀԷԿ֊երի շինարարական
աշխատանքները սառեցուում են։ Դրանց արտոնագրերի տրամադրման, բնապահպանական կարգաւորումներին նուազագոյն հանհամապատասխանութեան յայտնաբերման կամ վերոնշեալ յանձնաժողովի բացասական եզրակացութեան դէպքում յիշեալ կիսակառոյց ՀԷԿ֊երը ենթակայ են անվերապահ ապամոնտաժման։
 
Պահանջագրի պայմաններն ու ժամկէտները չյարգելու դէպքում դիմելու եմ նախազգուշական հացադուլի, իսկ շրջանի բնական միջավայրի ոչնչացման յանցաւոր ոտնձգութիւնների յարատեւման դէպքում՝ անցնելու եմ նաեւ ջրադուլի։
 
Ալեքսանդր Քանանեան
ք․ Քարվաճառ, 2020 թ․ յունուարի 20։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1457 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար