Գլխավոր դատախազի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով դիմել ենք դատարան


Գլխավոր դատախազի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով դիմել ենք դատարան

  • 20-01-2020 22:51:20   | Հայաստան  |  Իրավունք

Նախկինում նշել էինք, որ հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով:
 
Հաղորդման մեջ նշել էինք, որ գլխավոր դատախազը հեղափոխությունից հետո, վերացրել է տարիներ առաջ կայացված, մի քանի տասնյակ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ, որի իրավունքը ըստ քրեական դատավարության օրենսգրքի նա չունի:
Ըստ օրենքի, գլխավոր դատախազը կարող է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը վերացնել ընդամենը մեկ անգամ, այն կայացնելուց վեց ամսվա ընթացքում:
 
Ինչ վերաբերվում է այդ որոշումները նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերացնելուն, ապա օրենսդիրը այդ հնարավորությունը տվել է միմիայն դատարաններին:
Վերը նշված փաստի հետ կապված մեր հաղորդմանը ստացել ենք գրությունով պատասխան, որ նախաքննության մարմինը գլխավոր դատախազի գործողություններում հանցակազմ չի տեսել:
Նախաքննության մարմնի անգործությունը մեր կողմից բողոքարկվել է դատարան:
 
Հարկ է նշել, որ մեր բողոքարկումները ինքնանպատակ չեն և ամենևին չեն բխում անձնական հակակրանքից կամ այլ սուբյեկտիվ գործոններից:
Մեր նպատակն է, որ երկրում իրոք գործի օրենքը հենց այն տեսքով և տրամաբանությամբ, որով որ այն ընդունվել է:
 
Գլխավոր Դատախազի կողմից ստեղծված նախադեպը խախտում է ՀՀ քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը, ստեղծում է իրավական անորոշություն, խաթարում է ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով անձանց նույն արարքի համար կրկին անգամ դատվելու անթույլատրելիության երաշխավորված իրավունքը:
 
Հուսանք դատական համակարգը օբյեկտիվորեն կգնահատի սույն հանգամանքը:
Ավելացնեմ նաև, որ ցեղասպան ռեժիմի ոգով հարուցված և ոչ մի քրեական գործ կամ ահաբեկում, չի կարող կասեցնել օրինական երկիր ունենալու նպատակով սկսված մեր պայքարը:
 
Դա չի հաջողվել Սերժ Սարգսյանին, չի հաջողվի նաև Արթուր Դավթյանին:
Օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը:
 
Հ.Գ
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Արտակ Գալստյան (իրավապաշտպան)
Սուսաննա Սարգսյան (փաստաբան) 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play