Հասմիկ Բարսեղյանն ընտրվել է Ջրային հարցերով Եվրոպական երիտասարդական խորհրդարանի նախագահ

21-01-2020 10:02:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ջրային հարցերով Եվրոպական երիտասարդական խորհրդարանի 15-րդ նիստի ընթացքում Հայաստանի պատվիրակության անդամ Հասմիկ Բարսեղյանն ընտրվել է խորհրդարանի նախագահ:
 


Ռուսաստանի դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում կայացած նիստին մասնակցում էին Եվրոպայի շուրջ 20 երկրներից պատվիրակություններ` ավելի քան 80 երիտասարդներ: Նա ստացել է առավելագույն ձայներ առաջադրված յոթ թեկնածուների մեջ` այդպիսով դառնալով խորհրդարանի առաջին հայ նախագահը: Փոխնախագահներ են ընտրվել Նիդերլանդների և Բելգիայի ներկայացուցիչները:
 
“Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է այս նոր առաքելությունը: Հանձնառու եմ
ուժեղացնել ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի կառավարիչների ցանցը Եվրոպայում և սահմաններից դուրս` հանուն ընդհանուր խնդիրների լուծման”,- ասել է Հասմիկ Բարսեղյանը:
 
Ջրային հարցերով եվրոպական երիտասարդական խորհրդարանը (European Youth Parliament for Water) հիմնադրվել է 1999թ-ին “Ջրային հարցերով միջազգային գրասենյակի” (International Secretariat for Water) և “Եվրոպայի ջրային համերաշխություն” (Solidarity Water Europe) կազմակերպության ջանքերով:
 
15-րդ նիստը նվիրված էր գետային ավազանի խնդիրներին և կառավարմանը` շեշտը դնելով արդյունավետ համագործակցության և երիտասարդների ներգրավման վրա: Շուրջ մեկ շաբաթ տևած աշխատանքների ավարտին Եվրոպայի երիտասարդ առաջնորդները միացան գրավոր հանձնառությանը` համատեղել ջանքերը և իրականացնել կոնկրետ գործողություններ իրենց քաղաքներում հանուն ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանության:
 
Ի դեպ` Հասմիկ Բարսեղյանն ուսանել է շրջակա միջավայրի կառավարում Գերմանիայի Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում: Այժմ համակարգում է վերականգնվող էներգիայի ծրագրերը “Կանայք կլիմայում և էներգիայում” կազմակերպությունում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 241 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար