Կուսակցությունների վստահության չափի և կառավարման մոդելի դիսոնանսը

21-01-2020 10:12:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Հայաստանի հանրու
թյունը խիստ թերահավատությամբ է վերաբերվում կուսակցություններին, թեև ներկայում դրանց դերը պետք է լինի ավելի մեծ, քան երբևէ։
 
2015 թվականին Հայաստանում իրականացվեցին սահմանադրական փոփոխություններ, որոնցով ընտրվեց խորհրդարանական կառավարման մոդելը: Արդյունքում Ազգային ժողովի ընտրությունները միակ համապետական ընտրություններն են, որոնց միջոցով քաղաքացիներն ընտրում են երկրի իշխանություններին։ 
 
Ընդ որում, մայր փաստաթղթով նաև ամրագրվեց խորհրդարանի՝ համամասնական ընտրակարգով ձևավորումը, ինչի արդյունքում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում են կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները, որոնց հանրային վստահության մակարդակը, ըստ սոցիոլոգիական հետազոտությունների, շատ ցածր մակարդակի վրա է։
 
Այսպիսով, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից տրամադրված ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում «Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի» իրականացրած սոցիոլոգիական հարցման, կուսակցությունների ինստիտուտին ամբողջությամբ վստահում
է Հայաստանցիների ընդամենը 1,9 տոկոսը, մասամբ վստահում է 40 տոկոսը: 
Միաժամանակ, կուսակցություններին բոլորովին չի վստահում հարցվածների 29,2 տոկոսը և այդքան էլ չի վստահում 22 տոկոսը։ 
 
Վերոնշյալ ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ամենաշատը ՀՀ քաղաքացիները վստահում են Զինված ուժերին, ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին և այլն։ Ըստ էության, հանրությունը շատ ավելի շատ է հակված վստահել անձանց, քան կուսակցություններին, և ավելի շատ ընկալում է, որ պետության կառավարումը պատվիրակել է անձանց և ոչ թե կուսակցություններին:
 
Ովքեր են վստահում կուսակցություններին
 
Ըստ ուսումնասիրության արդյունքների, կուսակցություններին ամենաքիչը վստահում են Երևանում, Լոռվա և Գեղարքունիքի մարզերում։ Ամենից շատ կուսակցություններին վստահում են Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում։ Ուշագրավ է, սակայն, որ կուսակցությունների նկատմամբ վստահության կախվածություն՝ ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի, չի նկատվում, և միջինացված թվերով կուսակցությունների նկատմամբ վստահության ցուցանիշները գրեթե նույնն են գյուղական և քաղաքային բնակավայրերի բնակիչների շրջանում։ Նույնը վերաբերում է նաև սեռերին՝ և կանայք, և տղամարդիկ, ընդհանուր առմամբ, հավասարաչափ են վստահում կամ չեն վստահում կուսակցություններին։
 
Իսկ ահա հարցվածների տարիքային վերլուծությունն ի հայտ է բերում, որ կուսակցություններին հիմնականում չեն վստահում 36-45 տարեկան քաղաքացիները, և ամենաշատն են վստահում 46-60 տարեկանները։ Ինչ վերաբերում է հարցվածների՝ ըստ կրթության աստիճանի պատասխաններին, ապա կուսակցություններին առավելապես չեն վստահում բարձրագույն կրթություն ունեցողները, և ամենաշատն են վստահում ամենացածր կրթվածություն ունեցող՝ միայն միջնակարգ կրթական հաստատություն ավարտած քաղաքացիները։
 
Այլ կերպ ասած՝ որքան միջին վիճակագրական հայաստանցին ավելի կրթված է, այնքան ավելի քիչ է հակված կուսակցություններին վստահելուն: Սա, իր հերթին, նշանակում, որ կուսակցությունների նկատմամբ վստահության դեֆիցիտը ունի իրական հիմքեր և հիմնված չէ զուտ կարծրատիպերի վրա:
 
Հետևություն
 
Կուսակցությունները, որպես ինստիտուտ, չեն կարող լինել պետության կառավարման գործում քաղաքացիների միջնորդները և հանրությունը չի կարող պետության կառավարումը պատվիրակել կուսակցություններին:
Իրավիճակը, թերևս, ունի երեք հնարավոր լուծում՝
 
1. Կուսակցությունների ինստիտուտի այնպիսի բարեփոխումների իրագործում, որոնք հանրային վստահության շեշտակի աճի կհանգեցնեն: Սա կարող է լուծվել համայնքներում տեղական ինքնակառավարման մեխանիզմները՝ համամասնական ընտրակարգի բերելու, կուսակցությունների հանրային ֆինանսավորման մեխանիզմը վերանայելու (տե՜ս այդ մասով մեր առաջարկները) և այլ լծակներով:
 
2. Վերանայել խորհրդարանի ձևավորման ընտրակարգը և մեծամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորներին տալ պետության կառավարման միջնորդի դերը: Ու թեև այս մեխանիզմը գործում է կայացած ժողովրդավարություններում, սակայն Հայաստանում, այս փուլում, դրա ներդրումը կարող է էլ ավելի խզել հանրության և պետության կառավարման կապը (բազմիցս քննարկված հայտնի ռիսկերի արդյունքում):
 
3. Վերանայել պետության կառավարման մոդելը և (միգուցե մասնակի) ետ բերել ուղիղ ընտրություններով ընտրվող ղեկավարների (նախագահ և համայնքի ղեկավար) ինստիտուտը: Թեև նախագահական ու կիսանախագահական համակարգերն ունեն իրենց թույլ կողմերը, սակայն այդ պարագայում հանրությունը պետության կառավարումը կպատվիրակի անձանց և ոչ թե կուսակցություններին, ու քաղաքացիները ստիպված չեն լինի իրենց կողմից չվստահված կուսակցություններին տալ պետության կառավարման մանդատ:
 
Ընդ որում, այս լուծումները ոչ միայն իրար չհակասող են, այլև դրանց մի մասը կարելի է կիրառել մասնակի ու փոխլրացնելով հասնել ցանկալի արդյունքի: Օրինակ՝ կարելի է  ողջամիտ հնարավոր չափով կայացնել կուսակցությունների ինստիտուտը և միաժամանակ, թողնելով պետության խորհրդարանական մոդելը և չավելացնելով նախագահի լիազորությունները, նախագահի ընտրությունը վերապահել ոչ թե Ազգային Ժողովին, այլ ողջ հանրությանը:
Պետական կառավարման մոդելը, սակայն, քննարկման առանձին թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:
 
Հ.Գ. Նշենք, որ Մեդիայի սպառման և մեդիագրագիտության մասին վերոնշյալ ուսումնասիրությունն իրականացվել է 2019 թ․ հունիսին ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում: Հետազոտության վերաբերյալ մեր մյուս հրապարակումներին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ։
 
Վահե Ղուկասյան, Դանիել Իոաննիսյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 228 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար