ՄԻՊ-ը վարույթ է սկսել 16-ամյա աղջկա մահվան դեպքի առնչությամբ նրա իրավունքների և մեղադրյալի հոր բողոքների հարցերով

23-01-2020 11:28:37   | Հայաստան  |  Իրավունք
 


 
Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել ինչպես 16-ամյա աղջկա մահվան
դեպքի առնչությամբ նրա իրավունքների հարցով, այնպես էլ աղջկա սպանության մեջ մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի հոր՝ Արա Սուքիասյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած երկու բողոքների վերաբերյալ:
 
Պաշտպանի ներկայացուցիչները հունվարի 22-ին չհայտարարված այցի շրջանակում Արմավիր քրեակատարողական հիմնարկում առանձնազրույց են ունեցել տասնվեցամյա աղջկա մահվան գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանի հետ: Նա առանձնազրույցի ընթացքում ներկայացրել է քրեական վարույթի հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ համապատասխան գրություն կհասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Կալանավորված անձը ներկայացրել է նաև պահման պայմանների հետ կապված հարց, որը քննարկվել է Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և տեղում ստացել է լուծում:
 
Նշենք, որ Պաշտպանին հասցեագրած առաջին բողոքով Արա Սուքիասյանը բարձրացրել է որդու անմեղության կանխավարկածի խախտման հարցը, ինչպես նաև հեռախոսակապով հայտնել մտահոգություն Քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների առնչությամբ:
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Միջոցներ են ձեռնարկվել Ռաֆայել Սուքիասյանի իրավունքների հետ կապված:
 
Երկրորդ բողոքը Արա Սուքիասյանը Պաշտպանին հասցեագրել է օրեր առաջ՝ վրեժխնդրության հիմքով իր դստեր նկատմաբ հնչեցված սպառնալիքների վերաբերյալ:
 
Երկու բողոքներն էլ սահմանված կարգով ընդունվել են քննարկման:
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 221 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար