ՀՖՖ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել ԵՏՄ անդամ 3 երկրի հետ


ՀՖՖ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել ԵՏՄ անդամ 3 երկրի հետ

  • 24-01-2020 18:53:43   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հունվարի 24-ին ստորագրեց համագործակցության հուշագիր Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ:
 
Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների կամ պրոֆեսիոնալ լիգաների ղեկավարներն ու ներկայացուցիչները այս օրերին Հայաստանում են:
 
Հունվարի 24-ին ՀՖՖ գրասենյակում կայացած հանդիպմանր ՀՖՖ-ն ներկայացնում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը, ՀՖՖ ավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը: Հյուրերի թվում էին Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի (ՌՊԼ) Գործադիր տնօրեն Սերգեյ Չեբանը և ՌՊԼ Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ելենա Կոբակը,  Ղազախստանի Պրեմիեր Լիգայի նախագահ Օլժաս Աբրաևը, Բելառուսի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Ասոցիացիայի Մրցումների կազմակերպման բաժնի ղեկավար Իգոր Ցապլյուկը, Ղրղզստանի Ֆուտբոլային լիգայի նախագահ Նուրբեկ Ատականովը և Ղրղզստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դաստանբեկ Կոնոկբաևը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ֆուտբոլային տարբեր բնագավառներում (մարզչական կրթություն, մանկապատանեկան ֆուտբոլ, ֆուտզալ և կանանց ֆուտբոլ, երկրպագուների հետ տարվող աշխատանքներ և այլն) փոխհամագործակցության հեռանկարները: Առանձնակի ուշադրություն դարձվեց Պրոֆեսիոնալ Լիգայի հետ կապված տարբեր մանրամասների քննարկմանը:
 
Այնուհետև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը համագործակցության հուշագիր ստորագրեց Ղազախստանի, Ղրզզստանի և Բելառուսի վերոնշյալ ներկայացուցիչների հետ: ՌՊԼ գործադիր տնօրեն Սերգեյ Չեբանը հայտարարեց, որ իրենք ոչ մի առարկություն չունեն՝ կապված հուշագրի հետ, բայց ՌՊԼ նախագահ Սերգեյ Պրյադկինը ցանկություն է հայտնել անձամբ ստորագրել այն, հավանաբար՝ կողմերի միջև հաջորդ հանդիպման ընթացքում:
 
Չեբանը նաև հաստատեց, որ, անկախ հուշագրի ստորագրումից, հաշվի առնելով ՌԴ Սպորտի նախարարի հրամանը, 2020 թ. հուլիսի 1-ից հայ ֆուտբոլիստները չեն համարվի «լեգեոներ» Ռուսաստանում: 
 
 ֆուտբոլի ֆեդերացիան
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play