Պետությունը նախատեսում է ընդլայնել գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների պետպատվերով բուժման ծրագիրը


Պետությունը նախատեսում է ընդլայնել գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների պետպատվերով բուժման ծրագիրը

  • 01-02-2020 13:30:09   | Հայաստան  |  Հասարակություն

 «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների  թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագրի շրջանակում մեկ տարվա ընթացքում բժշկական օգնություն է ստացել 403 քաղաքացի:
 
Կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունները կազմակերպվում են մասնագիտացված Կաթվածի համապարփակ կենտրոններում` «Էրեբունի» բժշկական կենտրոնում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:
 
Կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունների կազմակերպման համար հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 0-24 ժամվա  ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը:
 
Երևանում և ՀՀ մարզերում շտապօգնության ծառայության միջոցով ապահովվում է «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշման կասկածով պացիենտի առաջին բժշկական օգնությունը, ճշտվում գլխուղեղի կաթվածի նշանների ի հայտ գալու ժամանակը, գնահատվում դեպքը` որպես սուր և/կամ ենթասուր (<24ժ) կաթված, որից հետո իրականացնում է պացիենտի տեղափոխումը Կաթվածի համապարփակ կենտրոն:
 
Նախքան տեղափոխումը շտապօգնության ծառայության մասնագետը կապ է հաստատում պացիենտի գտնվելու վայրին տարածքային առումով ամենամոտ տեղակայված Կաթվածի համապարփակ կենտրոնի հերթապահ բժշկի հետ` նշելով ժամանման կանխատեսվող ժամանակահատվածը:
 
Նշենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է դրա կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում՝ բժշկական կազմակերպություն ընդունման, վարման և դուրս գրման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, դեղերով և բժշկական պարագաներով ապահովումը:
 
Կաթվածի անհետաձգելի վարման ծառայություններից հետո պացիենտի հսկողությունը կազմակերպվում է ծառայությունն իրականացրած Կաթվածի համապարփակ կենտրոնի նյարդաբանի կողմից` հիվանդանոցից դուրս գրման 1-ին, 6-րդ, 12-րդ ամիսներին:
 
Այս տարի աշխատանքներ են իրականացվելու բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծառայության աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ: Նախատեսվում է 2021-ից ծառայությունը ներդնել նաև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», Շիրակի մարզի «Գյումրու» և Լոռու մարզի «Վանաձորի» բժշկական կենտրոններում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play