ԱՃԹՆ միջազգային քարտուղարությունը բարձր է գնահատել ոլորտում թափանցիկության մակարդակի բարձրացմանն ուղղված Հայաստանի կատարած բարեփոխումները


ԱՃԹՆ միջազգային քարտուղարությունը բարձր է գնահատել ոլորտում թափանցիկության մակարդակի բարձրացմանն ուղղված Հայաստանի կատարած բարեփոխումները

  • 14-02-2020 15:08:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը փետրվարի 10-12-ը  Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում  մասնակցել է  Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհրդի կողմից հրավիրված աշխատաժողովին։
 
Փոխնախարար Լիլիա Շուշանյանը մասնակցել է ԱՃԹՆ իրականացնող երկրների  կլոր-սեղան քննարկումներին, որտեղ  օրակարգային հարցերից են եղել  ԱՃԹՆ վալիդացիայի ընթացակարգի հնարավոր փոփոխությունները, հանքարդյունաբերության ոլորտում էներգետիկ փոխակերպման և կոռուպցիայի կանխարգելման թեմաները։ 
Փոխնախարար Շուշանյանն  աշխատաժողովի ընթացքում հանդես է եկել զեկույցներով՝ նվիրված «Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրում․ տեխնիկական խնդիրները և դրանք հաղթահարելու ուղիները» , «ԱՃԹՆ ազդեցությունն անդամ երկրներում»  թեմաներին: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում իրավական ակտերի մշակման ընթացքում վերհանված բացերին և հետագայում լրամշակման ենթակա իրավակարգավորումներին՝ միևնույն ժամանակ անդամ  երկրներին առաջարկելով իրենց օրենսդրական նախաձեռնություններում ի սկզբանե հաշվի առնել նաև հայաստանյան գործնական օրինակը: 
 
Փոխնախարարի կողմից միջազգային քարտուղարությանն առաջարկվել է նաև հնարավորության դեպքում համագործակցություն հաստատել  Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ՝ թափանցիկության առավել խիստ պահանջներ ունեցող կարգավորվող շուկաների առանձնացման նպատակով: Սա թույլ կտա քննարկել սեփականատերերի հայտարարագիր չներկայացնելու բացառության կանոնի կիրառելիությունը ոչ թե բոլոր կարգավորվող շուկաներում, այլ միայն տվյալ բորսաներում բաժնետոմսեր ցուցակած ընկերությունների համար: 
 
Այցի ընթացքում Լ․Շուշանյանը  Հայաստանի առաջին վալիդացիայի թեմայով հանդիպում է ունեցել ԱՃԹՆ միջազգային քարտուղարության հետ: Ընդհանուր առմամբ, միջազգային քարտուղարությունը բարձր է գնահատել վերջին երեք տարվա ընթացքում ոլորտում թափանցիկության մակարդակի բարձրացմանն ուղղված Հայաստանի կատարած բարեփոխումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի առաջին վալիդացիայի հաշվետվության նախագիծն  առաջիկա ամսվա ընթացքում տրամադրել Հայաստանին՝ մեկնաբանություններ ներկայացնելու համար, որից հետո այն կներկայացվի ԱՃԹՆ խորհրդին՝  վերջինիս կողմից որոշում կայացնելու նպատակով:
 
Գերմանիայի ԱՃԹՆ քարտուղարության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել նաև Գերմանիայում «Թրանսփարենսի Ինթրնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչ Էդդա Մյուլլերի հետ: Վերջինիս հետ փոխնախարարը քննարկել է կայուն զարգացման ուղղվածության մի շարք հարցեր, որոնք առաջնային հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի  համար: Առաջարկվել է համագործակցություն հաստատել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝  տվյալ ուղղություններով աշխատանքներ տանելու նպատակով: 
 
Աշխատաժողովի ընթացքում  փոխնախարար Շուշանյանն առանձնազրույց է ունեցել նաև  Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիսթըֆր Շելդոմի հետ՝ քննարկելով  2019 թվականի տարեվերջին  մեկնարկած EGPS 2 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջինիս կողմից գարնանը Հայաստան այցելելու, իսկ մինչ այդ՝ նաև աջակցության վերաբերյալ պաշտոնական պատասխան տրամադրելու շուրջ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն