Հայաստանյան գիտնականները ուսումնասիրում են նորահայտ կորոնավիրուսը

15-02-2020 14:50:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանցի գիտնականները սկսել են հետազոտել արդեն շուրջ 1400 մարդու կյանք խլած նոր կորոնավիրուսը:
 


Դրանով զբաղվում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների ուսումնասիրման խմբի գիտաշխատողները:
 
Ինչպես Armtimes.com  հետ զրույցում նշեց այդ խմբի գիտական ղեկավար Հովակիմ Զաքարյանը, իրենք ուսումնասիրում են մարդու կորոնավիրուսների (SARS, MERS) եւ դրա նոր տեսակի (COVID-19) սպիտակուցների կառուցվածքային հատկանիշները։
 
«Հայտնի է, որ շատ սպիտակուցներ կամ դրանց առանձին հատվածներ չունեն հստակ 3D կառուցվածք, նմանատիպ սպիտակուցները կամ հատվածներն ունեն ֆունկցիոնալ նշանակություն, օրինակ՝ սպիտակուց-սպիտակուց փոխազդեցությունների համար»,- իր խոսքում
նշեց վիրուսաբանը՝ ընդգծելով, որ շատ վիրուսներ՝ ՄԻԱՎ, պապիլոմավիրուս, Զիկա եւ այլն ունեն մեծ թվով նմանատիպ սպիտակուցներ։
 
«Մենք, օգտագործելով կենսաինֆորմատիկայի որոշակի մեթոդներ, փորձում ենք պարզել՝ արդյոք մարդու կորոնավիրուսների մոտ նույնպես կան նման սպիտակուցներ կամ դրանց հատվածներ, եւ եթե կան, արդյոք ունե՞ն կարեւոր նշանակություն վիրուսի վիրուլենտության՝ այսինքն օրգանիզմին վնասելու հարցում»,- ընդգծեց Զաքարյանը:
 
Վերջինս հրաժարվեց իրենց ուսումնասիրության մասին առավել մանրամասն խոսել՝  նշելով, որ տեղեկատվություն կհաղորդի ավելի ուշ, երբ արդեն կլինեն որոշակի արդյունքներ:
 
Նկատենք, որ կորոնավիրուսի նոր տեսակը հայտնաբերվել է ընդամենը 2019 թվականի դեկտեմբերին՝ Չինաստանում: Վիրուսի բուժման կոնկրետ մեթոդ առայժմ մշակված չէ: Չկա հիվանդության վրա մեծ արդյունավետությամբ ազդող դեղամիջոց ու նաեւ պատվաստանյութ: Մասնագիտական հանրությունն այս առումով դեռ փնտրտուքի մեջ է:
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, հիշեցնենք, հունվարի 30-ին, արտակարգ իրավիճակների
կոմիտեի նիստ էր հրավիրվել, որտեղ էլ նոր կորոնավիրուսի բռնկումը ճանաչվել էր արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում, որն ունի միջազգային նշանակություն:
 
Հավելենք, որ ըստ «worldometers.info»-ի անընդմեջ թարմացվող տվյալների՝ կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում մահերի թիվը երեկվա դրությամբ հասել է 1,384-ի, իսկ վարակվածներինը՝ 64,471-ի: 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 577 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար