Ստեղծվում է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդ. դրա կազմում կընդգրկվեն 8-11-րդ դասարանի 40 երեխա

17-02-2020 13:06:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Աշակերտներն այժմ հնարավորություն կունենան իրենց լուման ունենալ մի շարք որոշումների ընդունման հարցում: Նրանք հանդես կգան առաջարկներով, կբարձրաձայնեն իրենց կարծիքն ու կքվեարկեն համապատասխան որոշման համար:
 


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է նախարարին կից աշակերտական խորհրդի ձեւավորման կարգը:
 
Ինչպես նշված է համապատասխան հրամանի հավելվածում, խորհրդի կազմում կարող են լինել 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարաննների այն սովորողները, որոնք ընդգրկված են իրենց դպրոցների աշակերտական խորհուրդներում, ակտիվ մասնակցում են դպրոցական եւ համայնքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի քննարկմանը, խնդիրների լուծմանը, կազմակերպում ու անցկացնում են միջոցառումներ: Աշակերտներին պետք է ընտրի համապատասխան հանձնաժողովը, որը ձեւավորվելու է առաջիկա օրերի ընթացքում:
 
Նշվում է, որ այս ծրագրի հիմնական նպատակներն են սովորողների ինքնադրսեւորման, կարծիքի ազատ արտահայտման համար բարենպաստ պայմանների ստեղծմանն օժանդակելը, սովորողների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը եւ այլն:
 
Աշակերտական խորհուրդ ստեղծելու գաղափարի հեղինակը հենց դպրոցականներն են: Դեռեւս անցած տարի Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նրանք այդպիսի առաջարկ էին արել:
 
Աշակերտական խորհրդի անդամները կլինեն 40 դպրոցականներ՝ ՀՀ բոլոր մարզերից, Երեւանից, ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններից: Նրանց մեջ կլինեն նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դպրոցականներ եւ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Մարզերից ընդգրկված անդամների
մասնակցությունը նիստերին պետք է ապահովվի տվյալ մարզի Կրթության, մշակույթի, սպորտի վարչության աշխատակցի ուղեկցությամբ:
 
Խորհրդի աշխատանքները կկազմակերպվեն նիստերի միջոցով, որոնք կհրավիրվեն տարվա ընթացքում առնվազն երկու անգամ, անհրաժեշտության դեպքում կգումարվի արտահերթ նիստ: Դրանք կլինեն դռնբաց եւ կհրավիրվեն նաեւ օրակարգում ընդգրկված հարցերին շահագրգիռ անձինք:
 
Նախարարին կից աշակերտական խորհրդի կազմում ընդգրկված դպրոցականները հնարավորություն կունենան ընդունելու խորհրդատվական բնույթի որոշումներ: Այդ որոշումները  կընդունվեն բաց քվեարկությամբ՝ ձայների մեծամասնության դեպքում, իսկ եթե ստացված քվեները հավասար լինեն, ապա վճռորոշ կլինի խորհրդի նախագահի ձայնը: Աշակերտական այդ խորհուրդը գլխավորելու է ԿԳՄՍ նախարարը: Վերջինս կվարի նիստերը, կհաստատի օրակարգը, կստորագրի արձանագրություններն ու կորոշի հրավիրվող այլ անձանց կազմը: Անդամների գլխավոր պարտականությունը նիստերին մասնակցությունն է եւ խնդիրների վերաբերյալ որոշումներ, դիտարկումներ ներկայացնելն է:
 
Նշենք, որ նախատեսվում է նիստերի օրակարգը ձեւավորվել նախագահի եւ անդամների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա: Դպրոցականները խորհրդի նիստի օրակարգում հարց ընդգրկելու համար այն պետք է ներկայացնեն նիստից առնվազն տասն օր առաջ`այդ մասին տեղեկացնելով նախարարությանը՝ կցելով անհրաժեշտ նյութերը:
 
Խորհրդի ձեւավորված կազմը կհրապարակվի նախարարության պաշտոնական կայքէջում, այն կգործի 2 տարի ժամկետով: Դպրոցականները, սակայն, կարող են հեռացվել կազմից, եթե 3 անգամ անհարգելի բացակայեն նիստերից կամ ավարտեն դպրոցը: Կարող են հեռանալ նաեւ սեփական դիմումի հիման վրա:
 
այլն:   Աշակերտական
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 218 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար