Վաչագան Ղազարյանն ու նրա կինը պետական բյուջե են փոխհատուցել 2 միլիարդ 837 միլիոն ՀՀ դրամ վնասը. գործը կարճվել է

17-02-2020 18:53:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի եւ եւս 6 անձի վերաբերյալ քրեական գործը կարճվել է հանցագործությամբ պատճառած վնասի փոխհատուցման հիմքով:
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ նրանք պետական բյուջե են փոխհատուցել չվճարված հարկերի ողջ գումարը՝ 2 միլիարդ 837 միլիոն ՀՀ դրամը:
 
Օհանջանյանի խոսքով՝ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և նշանակված համալիր հարկային ստուգումներով հաստատվել է, որ նշված անձինք կազմակերպել են իրենց հետ որևէ կերպ առնչություն ունեցող 7 ՍՊԸ-ների կողմից խոշոր
և առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը, որոնց կատարմանը ներգրավել են տարբեր անձանց:
 
 
Ըստ ՀՔԾ-ի՝ այդպիսով հիմնավորվել է Վաչագան Ղազարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը կազմակերպելը), իսկ Ռ. Բեգլարյանի կողմից՝ 38-205-րդ հոդվածի 2-րդ և 205-րդ հոդվածի 1-ին (վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելը) մասերով նախատեսված հանցավոր արարքների կատարումը, ինչպես նաև 6 այլ անձանց կողմից նշված հոդվածներով հանցավոր արարքների կատարման հանգամանքը.
 
«Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները, ինչը օրենքի իմպերատիվ պահանջ է, ուստի օրենքով սահմանված կարգով քննիչի կողմից որոշում է կայացվել  Վ. Ղազարյանին, Ռ. Բեգլարյանին և մյուսներին քրեական պատասխանատվությունից ազատելու և նրանց վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճելու մասին»,- մեր զրույցում ասաց Օհանջանյանը:
 
Ինչ վերաբերում է Վաչագան Ղազարյանի կողմից իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու դրվագներին, դրանք
եւս կարճվել են: Ղազարյանի պաշտպան Մհեր Հակոբյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ երկու գործերն էլ կարճվել են հանցակազմի բացակայության հիմքով: 
 
Օրեր առաջ հայտնել ենք, որ նույն հիմքով կարճվել է նաեւ Ղազարյանի եւ նրա կնոջ կողմից «Յանս» ակումբի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքով հարուցված քրգործը:
 
Այսպիսով, Վաչագան Ղազարյանի վերաբերյալ քննվող գործ Հատուկ քննչական ծառայությունում այլեւս չկա:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 721 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար