Թուրք հայտնի հայամետ հասարակական գործիչը, ում ցմահ բանտարկություն էր սպառնում, ազատ է արձակվել
18-02-2020 16:32:58 | Թուրքիա | Ի՞նչ է գրում մամուլը
Հայտնի թուրք հասարակական գործիչ, ակտիվիստ, գործարար, «Անադոլու քյուլթուր» հիմնադրամի ղեկավար հայամետ հայցքներով հայտնի Օսման Քավալան, ում համար թուրքական դատախազությունը ցմահ բանտարկություն էր պահանջում, արդարացվել է:
Քավալան կալանավորվել էր 2013-ին Թուրքիայում տեղի ունեցած հայտնի Գեզի զբոսայգու դեպքերի գործով և մեղադրվում էր «Թուրքիայի Հանրապետության կառավարությանը տապալելու փորձի մեջ»:
Հաղորդվում է, որ դատարանի որոշմամբ բոլոր 16 մեղադրյալները, որոնցից միայն Քավալան էր կալանավորվել առաջադրված բոլոր մեղադրանքներով արդարացվել են: Որոշման հրապարակումից հետո միակ կալանավորված մեղադրյալ Քավալան ազատ է արձակվել:
Նշենք, որ Օսման Քավալան Թուրքիայի հայտնի իրավապաշտպաններից մեկն է։ Նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից է։ Հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ Թուրքիայում կազմակերպվել են հենց նրա կողմից։ Քավալան շատ անգամներ է եղել Հայաստանում։
Ստամբուլում նրան պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ ու սգո միջոցառումներ։