Հայաստանի վիրտուոզ խաղը. երկակի վիճակ Բաքվում

18-02-2020 18:11:46   | Հայաստան  |  Վերլուծություն
Մյունխենում Ալիեւի հետ բանավեճ-քննարկմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արցախյան գործընթացում միկրոհեղափոխությունների եւ ճեղքման մասին, ասելով, որ ինքն սկսել է այդ գործը: Ալիեւը համաձայն չէր եւ միկրոհեղափոխությունները համարում էր ոչ անհրաժեշտ:
 


Ադրբեջանական մեդիափորձագիտական դաշտը Մյունխենից հետո ոգեւորությամբ հղումներ է անում հայաստանյան մեդիափորձագիտական դաշտի այն հատվածին, որը Մյունխենում ազդարարել է Ալիեւի հաղթանակը:
 
Խորհրդարանի խայտառակ ընտրությունից հետո Ադրբեջանի նախագահին ըստ երեւույթին շատ անհրաժեշտ է այդ հաղթանակը, եւ նրան այդ հարցում օգնության է գալիս հայկական փորձագիտական դաշտի այդ հատվածը: Արդյոք դա պատասխանն է այն «օգնության», որ ստացվել է Ալիեւից՝ նախկին իշխանության հանդեպ «քաղաքական հետապնդումների» մասին նրա հայտարարությունների տեսքով:
 
Ադրբեջանի խորհրդարանի լուծարման եւ արտահերթ ընտրության մասին հայտարարվեց առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի Մոսկվա կատարած պաշտոնական այցից հետո, որտեղ
նրան ընդունեց նաեւ Պուտինը: Այդ այցն ըստ երեւույթին ավելի վճռորոշ փուլ մտցրեց Ադրբեջանի ներկլանային պայքարը, որ ընթանում էր վաղուց:
 
Մյունխենի բանավեճին ներկա էր նաեւ Մեհրիբան Ալիեւան: Ու թեեւ տեսախցիկը որսացել էր Ալիեւի, Մամեդյարովի ժպիտներն ու ծիծաղը, Մեհրիբան Ալիեւայի պարագայում սակայն կարծես թե տեսախցիկն արձանագրում էր միայն սառը կիսադեմը:
 
«Միկրոհեղափոխությունը» ծավալվում է Ադրբեջանում, իհարկե այդ երկրի համակարգին բնորոշ բնույթով: Օրինակ, Հայաստանում էլ այդ բնույթի մի «միկրոհեղափոխություն» եղավ 1998-ին, երբ Արցախի հարցի հանգուցային կետում հեռացավ Տեր-Պետրոսյանը, թողնելով իշխանությունը համակարգի մյուս թեւին:
 
Ալիեւն ըստ երեւույթին չի ուզում հեռանալ, կամ դիմադրում է մինչեւ վերջ: Կամ կլանն է դիմադրում, թույլ չտալով Ալիեւին: Մյունխենի բանավեճն ըստ երեւույթին փորձ է արվում օգտագործել հենց դրա համար, որովհետեւ Ադրբեջանում ներիշխանական «միկրոհեղափոխության» առանցքում թերեւս հենց հաղթանակի ու պարտության դիլեման է: Ալիեւի ու կլանի դիմաց ըստ երեւույթին դրվում է պարտությունն ու հեռանալու անհրաժեշտությունը, իսկ կլանը փորձում է փաստարկել
հաղթանակով:
 
Հայաստանն այդ հարցում ունի էական դեր՝ պահե՞լ Ալիեւին, թե՞ միկրոհեղափոխություններով իրականացնել «ճեղքումը» եւ հեռացնել նրան: Մյունխենից հետո Ադրբեջանում ստեղծվել է երկակի վիճակ: Այդ իրավիճակի խորացումը էապես կախված է այն հանգամանքից, թե Հայաստանում ներքին հարաբերությունների պարզաբանման թեժ գործընթացով հանդերձ, պետական այս կարեւոր հարցում որքանով վիրտուոզ կլինի Հայաստանի խաղը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am  

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 749 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար