Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է

19-02-2020 12:37:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին:
 


Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
 
Հիշեցնենք՝ հունվարի 10-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր: Օրեր անց Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հունվարի 29-ին էլ Դատախազությունը հաստատել էր մեղադրական եզրակացությունները՝ գործն ուղարկելով դատարան: Այն մակագրվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանին:
 
Քրեական գործով, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակում
է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ
քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
 
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ իրենց վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 537 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար