Խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր. ՍԱՏՄ
19-02-2020 12:40:07 | Լոռու մարզ | Մամլո հաղորդագրություն
Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրված խոզերի անկման պատճառը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները, որոնք լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել էին վերցված նմուշներում: Այս մասիշն տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի մասնագետները փորձանմուշներ էին վերցրել նաև խոզերի կերերից: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ դրանցում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր:
Այս պահին արձանագրվել է Աքորի գյուղի երեք տնտեսություններում առկա խոզերի ողջ գլխաքանակի՝ 165 գլուխ, անկում:
ՍԱՏՄ տեսուչները վերջին երկու շաբաթների ընթացքում ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահել Աքորի համայնքի այդ տնտեսությունները, մեկուսացրել դրանք, հետևել, որ պատշաճորեն կատարվեն անկած կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի հողածածկման, տվյալ տարածքի և անասնագոմի ախտահանության աշխատանքները՝ վարակի տարածումը կանխելու նպատակով:
Խոզի կերի փորձանմուշների արդյունքները ստանալուն պես ձեռնարկվել են վերահսկողական աշխատանքներ՝ հետագծելիությամբ դրա ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Արդյունքները կներկայացվեն: