Խորհրդավոր պատմություն. ի՞նչ կլինի հայ-իրանական սահմանի հետ


Խորհրդավոր պատմություն. ի՞նչ կլինի հայ-իրանական սահմանի հետ

  • 20-02-2020 18:40:46   | Հայաստան  |  Վերլուծություն

Իրանը հայտնել է կորոնավիրուսով 3 նոր հիվանդի մասին, այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել նաեւ երկու իրանցիների մահվան մասին: Ընդ որում, կորոնավիրուսով հիվանդացած եւ մահացած երկու անձը Իրանի քաղաքացի են, որոնք բնակվում են Կումում: Ամենաուշագրավն այն է, որ ըստ տեղեկության` նրանք շփում չեն ունեցել Չինաստանի քաղաքացիների կամ Չինաստան այցելած այլ անձանց հետ:
 
Այդ դեպքում ինչպե՞ս են վարակվել իրանցիները, որտե՞ղ է վարակի օջախը նրանց համար, նաեւ այն եւս երեքի համար, որոնց վարակակիր լինելու մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը:
 
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը նախօրեին հայտարարել էր Ռուսաստան Չինաստանի քաղաքացիների մուտքն արգելելու մասին: Այդ ծայրահեղ որոշումը կայացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ընդ որում, ռուսաստանյան լրագրողների ուշադրությունը գրավել էր հանգամանքը, որ արգելվել է միայն Չինաստանի քաղաքացիների մուտքը, իսկ այլ երկրների քաղաքացիներ, որոնք Չինաստանից են գալիս՝ կարող են մուտք գործել Ռուսաստան:
 
Կորոնավիրուսը կարծես թե դառնում է աշխարհքաղաքական գործոն՝ էական ազդեցություն գործելով քաղաքական ու տնտեսական խնդիրների վրա: Զգալի կորուստներ է կրում Չինաստանը: Միաժամանակ էապես տուժում են այն երկրները, որոնք Չինաստանի հետ ունեն տնտեսական հարաբերություններ: Նավթարդյունահանողների միության շրջանակում առաջացել է վեճ՝ կրճատե՞լ նավթի արդյունահանումը, գնանկում թույլ չտալու համար, Չինաստանում պահանջարկի հնարավոր նվազման հեռանկարով, թե ոչ: Այդ առնչությամբ տարակարծություն է առաջացել Ռուսաստանի եւ ՕՊԵԿ միջեւ:
 
Մոսկվան դեմ է արդյունահանման կրճատմանը: Ռուսաստանցի փորձագետներն իրենց երկրի համար Չինաստանում պահանջարկի անկման հնարավոր հետեւանքի ռիսկ չեն տեսնում:
 
Այդ ֆոնին, հատկանշական է դառնում կորոնավիրուսի առկայությունն Իրանում, հաշվի առնելով, որ վարակվել ու մահացել են երկու անձ, որոնք չեն շփվել Չինաստանի քաղաքացիների կամ այդ երկիր այցելածների հետ: Ինչպիսի՞ ընթացք կստանա վարակը հարեւան Իրանում: Հայաստանի համար դա չափազանց զգայուն հարց է: Այստեղ կա երկու էական հանգամանք՝ հարեւան ժողովրդին առնչվող մարդասիրական կողմը, եւ մասնավորապես Իրանում հայկական համայնքի առկայությունը: Երկրորդ հանգամանքը Իրանի հետ Հայաստանի տնտեսական հաղորդակցությունն ու հարաբերությունն է, որը գուցե իր ծավալներով շատ մեծ չէ, սակայն էական է իր դերով:
 
2018 թ. բուռն քննարկումների առարկա էր դարձել խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը հայ-իրանական սահմանի փակման ռիսկի մասին՝ աշխարհքաղաքական վատթար զարգացումների, մասնավորապես ամերիկա-իրանյան բախման պարագայում: Այդ իմաստով, բավական տագնապալի էր թվում 2020-ի մեկնարկը՝ իրանա-ամերիկյան լարվածության բերումով, սակայն բարեբախտաբար դրանք չզարգացան Հայաստանի համար անցանկալի սցենարով:
 
Միթե այն, ինչ տեղի չունեցավ անխուսափելի թվացող բախման հետեւանքով, կարող է անհրաժեշտ դառնալ կորոնավիրուսի պատճառով, եթե Իրանում դրա տարածումը ծավալվի անցանկալի դինամիկայով: Հայաստանն իհարկե պետք է պատրաստ լինի ամենավատ զարգացմանն իսկ: Առավել եւս, որ այս դեպքում իհարկե չկա հայ-իրանական հարաբերության բնույթին սպառնացող որեւէ ռիսկ, պարզապես կարող է լինել առողջապահական անհրաժեշտություն: Թեեւ պետք է հուսալ, որ Իրանը կգտնի վարակի տարածման կանխարգելման արդյունավետ ճանապարհ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play