Ինչ տեղի կունենա դղյակների ու դղյակատերերի հետ


Ինչ տեղի կունենա դղյակների ու դղյակատերերի հետ

  • 20-02-2020 19:14:58   | Հայաստան  |  Վերլուծություն

Կառավարության փետրվարի 20-ի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մոնումենտի հայտնի դղյակների օրինականության հարցին: Ըստ նրա, դղյակները կառուցվել են ապօրինի, սակայն նույն կառուցողները օրենք են ընդունել, որ քաղաքապետարանը պարտավոր է օրինականցնել ապօրինի կառույցները: Վարչապետը արդարադատության նախարար Բադասյանին հանձնարարել է գտնել լուծումներ:
 
«Եթե պետք լինի՝ այստեղ անցումային արդարադատության գործիքներ կիրառե՛լ և գնալ առա՛ջ, քանի որ դա ուղղակի արհամարհանք է հանրային կարծիքի ու ընդհանրապես ՀՀ-ում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ: Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, հիմա էլ ասում են՝ օրինականացրեք, թե չէ դատի կտանք», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
 
Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը ֆեյսբուքում հայտնել է, որ քաղաքապետարանի դեմ օրինականացման պահանջով դատական հայց է ներկայացրել Հովիկ Աբրահամյանի ընտանիքը:
 
Ինչպես հայտնի է, Հովիկ Աբրահամյանը Մոնումենտում մեծ առանձնատուն ունի: Առանձնատներ ունեն նաեւ տարբեր այլ նախկին պաշտոնյաներ, գործարարներ, պատգամավորներ, գեներալներ, նրանց փոխկապակցված անձինք: Մոնումենտի նախկին ծառապատ տարածքը վաղուց արդեն վերածվել է Հայաստանի Հանրապետության պերճանքի ու թշվառության:
 
Ընդ որում, խիստ խորհրդանշական է, որ այդ հարցը Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է փետրվարի 20-ին, երբ նշվում է Արցախի Վերածննդի՝ փաստացի արցախյան շարժման տարեդարձը: Բանն այն է, որ տարբեր մաստի պաշտոնյաներ, նրանց փոխկապակցված անձինք մոտ երեք տասնամյակի ընթացքում հենց Արցախի անունն ու հաղթանակը շահարկելով եւ խաղարկելով են դարձել հարստության ու դիրքի տեր, մի ձեռքով ասել կենաց հայրենասիրության ու Արցախի մասին, մյուս ձեռքով յուրացրել իշխանությունը, կուտակել միլիոններն ու կառուցել դղյակները: Դա այն դեպքում, երբ Արցախի շարժման իրական, արմատից առաջնորդները ապրել ու ապրում են համեստագույն կյանքով, իսկ ոմանք էլ արդեն հեռացել են կյանքից:
 
Ինչ տեղի կունենա դղյակատերերի եւ հանրության կյանքում, կառավարության նիստում վարչապետի մակարդակով հարցը բարձրացնելուց հետո:
 
Առանձնակի ուշադրության է արժանի թերեւս այն, որ Սերժ Սարգսյանն ապրիլի քառօրյա պատերազմից մեկ ամիս անց Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձել էր այդ հարցին: Հանդիպման մասնակիցներից Կինոգործիչների միության ղեկավար Ռուբեն Գեւորգյանցն ասել էր, որ Սարգսյանի առաջ բարձրացրել էին դղյակների հարցը, եւ նա ասել է, որ ինքն էլ զզվում է դղյակներից, բայց ինչ կարող է անել՝ հենց փորձում է մոտ գնալ, պարզվում է տարբեր այլ անուններով են, հո 37 թիվ չե՞ն անելու:
 
Սերժ Սարգսյանն իսկապես չէր կարող մոտ գնալ դղյակներին: Նա կմնար կես ճանապարհին՝ դղյակատերերի կազմակերպած հեղաշրջման արդյունքում: Նա ավելի շուտ կկորցներ իշխանությունը, քան դղյակատերերը՝ դղյակները:
 
Նիկոլ Փաշինյանը այդ խնդիրը չունի: Ինչ կլինի հանրային տարածքում կառուցված դղյակների հարցը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play