Ջազ նվագախումբը հանդիսատեսին ներկայացրեց ծաղկաքաղ Գերշվինի ժառանգությունից


Ջազ նվագախումբը հանդիսատեսին ներկայացրեց ծաղկաքաղ Գերշվինի ժառանգությունից

  • 24-02-2020 10:20:20   | Հայաստան  |  Մշակույթ

Ջորջ Գերշվինի երաժշտությանը նվիրված ինքնատիպ երեկո անցկացվեց Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում: Հայաստանի պետական ջազ նվագախումբը մի ամբողջ երեկո հնչեցրեց ամերիկացի կոմպոզիտորի երաժշտական ժառանգության յուրահատուկ նմուշները:
 
Գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ ներկայացվեցին գերշվինյան ելևէջներ՝ ժամանակակից ու հետաքրքիր մեկնաբանությամբ:
 
«Հայաստանի պետական ջազ նվագախումբը մշտապես փորձում է ներկայացնել թեմատիկ ու ինքնատիպ համերգներ: Այս անգամ երևանյան ունկնդրին ենք ներկայացրել երեկո՝ նվիրված Ջորջ Գերշվինին: Նա ջազի հիմնադիրներից է, հարուստ ժառանգություն է թողել, ոգեշնչել բազում համաշխարհային երաժիշտների: Համերգը նվիրված է Գերշվինի հարուստ ստեղծագործական ժառանգությանը: Մեկուկես ժամում դժվար էր ամեն ինչ ներկայացնել, բայց փորձել ենք կատարել կոմպոզիտորի՝ ջազի համաշխարհային ժառանգություն դարձած գործերը»,-նշում է Արմեն Հյուսնունցը:
 
Նվագախմբի հետ երեկոյի ընթացքում հանդես եկան նաև երիտասարդ մենակատարներ: Ներկայացվեցին նաև գերշվինյան գործերի հետաքրքի, անսպասելի գործիքավորումներ, որոնք իրականացվել են ժամանակակից երաժիշտների կողմից:
 
Հավելենք, որ ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար Ջորջ Գերշվինը ծնվել է 1898 թ.: Նա սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից էր, «Պորգին ու Բեսը» (1935թ.) ամերիկյան ազգային առաջին օպերայի հեղինակը։ Կոմպոզիտորը երաժշտական կանոնավոր կրթություն չի ստացել, դաշնամուրի և հարմոնիայի մասնավոր դասեր է առել ժամանակի նշանավոր երաժիշտ-մասնագետներից, հետագայում զբաղվել է ինքնակրթությամբ։
 
Գերշվինը՝ որպես ջազային երգերի, օպերաների, մյուզիքլների հեղինակ, 25 տարեկանում արդեն ճանաչված էր Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, որտեղ էլ 1928թ. ծանոթացել ու մտերմացել է Մորիս Ռավելի և այլ անվանի երաժիշտների հետ։ Գերշվինը իմպրովիզացիոն ջազի ավանդույթները, աֆրոամերիկյան երաժշտական ֆոլկլորի և թեթև ժանրի բնորոշ տարրերը զուգորդել է եվրոպական երաժշտության դասական ձևերին (օպերային, սիմֆոնիկ կոնցերտային)։
 
Քաղաքական թեմաներով գրել է «Թող թնդա նվագախումբը», «Քեզ եմ երգում» մյուզիքլները, «Ամերիկացին Փարիզում» սիմֆոնիկ սյուիտը։ Գերշվինի` դաշնամուրի և սիմֆոջազի համար գրված «Բլյուզի ոճով ռապսոդիան» և «Պորգին ու Բեսը» օպերան արժանացել են համաշխարհային ճանաչման։
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play