Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների հանդիպումը



24-02-2020 18:38:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցելությամբ Հայաստանում գտնվող Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ։
 


Ողջունելով Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց․ «Շատ ուրախ եմ կրկին ողջունել Ձեզ Երևանում: Անցած տարվա ընթացքում մեր արտաքին քաղաքական գերատեսչությունները շատ ինտենսիվ երկխոսություն ունեցան, և շատ առիթներ ունեցանք հանդիպելու և քննարկելու մեր ընդհանուր օրակարգի բազմաթիվ հարցեր՝ տարբեր ձևաչափերով և տարբեր հարթակներում: Համատեղ աշխատելու բազմաթիվ ծրագրեր ունենք: Այս այցի ընթացքում մասնակից ենք լինելու շատ լավ և կարևոր միջոցառման՝ Հայաստանում Սլովակիայի նստավայր դեսպանության բացմանը: Ձեր այս այցն իրավամբ պատեհ առիթ է՝ միասին ուղենշելու մեր միջև համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև ուրվագծելու այդ հարաբերությունների ընդլայնման ճանապարհները յուրաքանչյուր
հարթությունում՝ քաղաքական, տնտեսական, առևտրի, մշակույթի, կրթության և այլ բնագավառներում»:
 
ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին հայ-սլովակյան հարաբերությունների բազմաշերտ օրակարգին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ջանքերը փոխշահավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվեց բարձրաստիճան փոխայցերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, տարբեր մակարդակներում երկխոսության դինամիկայի պահպանումը, խորհրդարանական ձևաչափում շփումների ակտիվացումը, ապակենտրոնացված համագործակցությունը։ Ուղենշվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլանյման և հարստացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ 
 
Երկկողմ տնտեսական համագործակցության համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակն ընդգծեցին փոխադարձ հանձնառությունը՝ գործնական միջոցառումներ ձեռնարկել լիարժեքորեն օգտագործելու առևտրատնտեսական ոլորտում առկա և դեռևս չիրացված ներուժը, այդ թվում անմիջական դերակատարներին համապատասխան հնարավորությունների ընձեռման միջոցով: Կարևորվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարության, գյուղատնտեսություն և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը և խորացումը։
 
Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները մտքեր փոխանակեցին նաև միջազգային և տարածաշրջանային կառույցներում արդյունավետ համագործակցության շուրջ։ Այդ համատեքստում շեշտվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ընդհանուր օրակարգի շուրջ փոխգործակցության դինամիկայի պահպանումը և զարգացումը՝ մասնավորապես, ցեղասպանության կանխարգելման, այլատյացության և ռասիզմի դեմ պայքարի ուղղությամբ։
 
Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակն հանգամանալից քննարկեցին նաև Հայաստան-Եվրամիություն
գործընկերության օրակարգային հարցերը՝ ընդգծելով Արևելյան գործընկերության՝ որպես արժեքահեն և ներառական համագործակցության չափազանց կարևոր հարթակի առանցքային նշանակությունը։ Երկուստեք կարևորվեց մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ որպես ժողովուրդների միջև շփումները խթանող կարևոր հանգրվան։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք հարցերի: 
 
Այցի օրն՝ առավոտյան, Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 453 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար