Եթե մարդ ունենա մի կտոր հաղթանակ այս կյանքում, նա հավերժ կապրի. Ապրիլյան հերոս Տիգրան Պողոսյանը կդառնար 28 տարեկան


Եթե մարդ ունենա մի կտոր հաղթանակ այս կյանքում, նա հավերժ կապրի. Ապրիլյան հերոս Տիգրան Պողոսյանը կդառնար 28 տարեկան

  • 24-02-2020 21:04:29   | Հայաստան  |  Հասարակություն



Եթե մարդ ունենա մի կտոր հաղթանակ այս կյանքում, նա հավերժ կապրի: 
 
Հենց այս գիտակցումով էր արթիկցի Տիգրան Պողոսյանն ընտրել զինվորականի մասնագիտությունը և 2014 թվականից ծառայության անցնել Մարտակերտում որպես հրաձգային վաշտի հրամանատար: 
 
Երկար ծառայել հայրենիքին Տիգրանը չհասցրեց. 2016 թվականի ապրիլի 25-ի գիշերը լույս 26-ին նա սեփական մարմնով պաշտպանեց իր զինվորի կյանքը հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցներից: 
 
Փետրվարի 21-ին «Վիվարտ մշակութային» ՀԿ նախաձեռնությամբ ապրիլյան պատերազմի հերոսի ծնողները, հարազատներն ու ծառայակից ընկերները հավաքվել էին մեկ վայրում՝ նշելու նրա 28-ամյակը: 
 
«Հյուսիսարևելյան դարպասներ գիրքն էի սկսել գրել դեռ 2015 թվականից Մարտակերտի շրջան, Մատաղիս, տվյալ շրջանի գյուղերի մասին: Երբ որ անցա այն շրջանը, հասկացա, որ կան անհատներ, որոնց պետք է առանձին անդրադառնալ: Տիգրանն այդ անհատներից մեկն էր իր կատարած աշխատանքներով, իր զինվորական պարտավորություններով, ինչպես նաև որպես ընկեր: Դեռ ապրիլյան պատերազմից առաջ դիրքերում էինք հանդիպել, բայց ինչպես գրքի էջերում եմ նշել, ավաղ, 16-ի ապրիլը թույլ չտվեց, որ երկրորդ հանդիպումն ունենանք, ափոսոսում եմ, որ մի լուսանկարի չարժանացանք, բայց հավերժ ապրեցինք մի գրքի էջերում»,- «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում նշեց «Վիվարտ» մշակութային ՀԿ հիմնադիր, ստեղծագործող Վարդուհի Գասպարյանը:
 
Նրա փոխանցմամբ՝ «Մի կտոր հաղթանակ» գրքի միջոցով ընթերցողը կարող է շատ մոտիկից ծանոթանալ արիաբար զոհված հերոսի մանկության, պատանեկության ուշագրավ դրվագներին, սիրած աղջկա և մոր հույզերին ու ապրումներին. «Այս գիրքը գրկած կանցնեմ այդ ճանապարհը և ի լուր աշխարհի կասեմ, որ մենք ունեցել ենք ու ունենք հերոս տղերք, և այդ տղերքն ապրում են: Հենց նույն Տիգրանի խոսքը կտարածեմ, որ զգոն լինեն՝ անկախ ամեն ինչից, լինի պատերազմ, թե հրադադար, միևնույն է՝ մեր թշնամին ցավոք արթուն է և երբեք չի զիջի մեզ»:  
 
Տիգրան Պողոսյանին նվիրված հուշ-երեկոյի շրջանակներում «Էլմար» թատերախումբը հերթական անգամ հանդես եկավ «Մատաղիս» ներկայացմամբ, որը նվիրված է Արցախյան ազատամարտին՝ 1990-ականներից մինչև մեր օրեր:  
 
Հերոսներն անմահ են, քանի դեռ նրանց հիշում ու գնահատում են: Այս բացարձակ ճշմարտությունը միաժամանակ հուզում և ապրելու ուժ է տալիս Տիգրանի մորը՝ Սիլվա Մանասյանին: 
 
Որդեկորույս մայրը պատմում է՝  հենց 2016 թվականի հոկտեմբերի 7-ին՝ հոր 50-ամյակի օրը տղան որոշել էր ամուսնանալ, սակայն ապրիլյան պատերազմն անկատար թողեց Տիգրանի այդ և շատ այլ երազանքներ: 
 
Հայրենիքի ու հայ զինվորի համար սեփական կյանքը չխնայած սպան մինչև վերջ հավատարիմ մնաց իր առաքելությանն այն համոզմամբ, որ Հայրենիքը սուրբ է, իսկ սուրբ հողը պետք է պաշտպանել : 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն