Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի ու Ռոբերտ Քոչարյանի վեճը

25-02-2020 18:33:37   | Հայաստան  |  Վերլուծություն
Ակնհայտ է, որ կա «աներեւույթ մի ձեռք», որ ղեկավարում է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արցախի հերոսամարտի մյուս հերոսների հանդեպ կատարվող գործընթացները, Սերժ Սարգսյանի դատավարության մեկնարկին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
 


ՀՀԿ փոխնախագահի այս «թեզը» նոր չէ եւ շրջանառվում է արդեն մոտ երկու տարի, այն շրջանառողներից է եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, բայց միայն իր եւ իրեն առնչվող շրջանակի առումով:
 
Արմեն Աշոտյանի հայտարարությունն այդ իմաստով խորհրդանշական է, իհարկե ոչ «աներեւույթ ձեռքի» իմաստով: Փաստորեն, ՀՀԿ փոխնախագահը հավասարեցնում է Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին:
 
Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ Սեյրան Օհանյանը դատարանում ասել էր, որ մարտիմեկյան գործը ՀՀ նախկին երեք նախագահների գործն է եւ Ռոբերտ Քոչարյանը լինելով ազատազրկված՝ անհավասար պայմաններում է: Սեյրան Օհանյանը գուցե նույնիսկ նկատի ուներ ոչ միայն այն, որ Քոչարյանն ազատազրկված է, իսկ մյուս երկու նախագահը՝ ոչ, այլ որ ընդհանրապես գործում Ռոբերտ Քոչարյանն ունի մեղադրյալի
կարգավիճակ, մյուս երկուսը՝ գրեթե ոչ մի: Պաշտպանության նախկին նախարարի այդ հայտարարությունն ակնառու դրսեւորում էր այն վեճը, որ հեղափոխությունից հետո առկա է նախկին իշխող համակարգում:
 
Արմեն Աշոտյանը կամա թե ակամա պատասխանում է այդ վեճին, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հանդեպ գործընթացները դնելով նույն հարթության վրա:
 
Թեեւ, տարբերությունն անշուշտ ակնառու է: Ավելին, գուցե տարօրինակ հնչի, բայց մեղադրանքը, որ ներկայացված է Ռոբերտ Քոչարյանին, իր խորքային բնույթով շատ ավելի «պատվաբեր» է նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի համար, քան դիզվառելիքի գործը:
 
Թեեւ, այդ առումով գուցե իսկապես
կա հավասարության նշան՝ Ռոբերտ Քոչարյանին անազատություն, բայց «սոլիդ» մեղադրանք, Սերժ Սարգսյանին՝ ազատություն, բայց մանր մեղադրանք:
 
Ինչ վերաբերում է «աներեւույթ ձեռքի» եւ Արցախի հարցի վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահի ակնարկին, լիովին հասկանալի է, որ դա էլ չասելու պարագայում պարզ չէր, թե էլ ինչ կարելի էր ասել: Մյուս կողմից, ինչ կարող է ասել մի իշխանություն, որը բանակցել է մադրիդյան սկզբունքներով, որը պատրաստ է եղել ստորագրել Կազանի պլան, որը 2016-ի մայիսին ԱՄՆ հովանու ներքո Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը ստանալով Վիեննայի օրակարգ, անկարող է եղել այդ օրակարգը պահել: Բայց դա իհարկե այն ամենն էր, ինչ կարող էր անել այդ իշխանությունը, եւ այդ իմաստով նախկին երեք նախագահները իսկապես եղել են գործնականում նույն հարթության վրա, պարզապես տարբեր փաթեթներում:
 
Թեեւ, Արցախի հարցում իշխանության հասցեին հնչող այդօրինակ քննադատությունն ու ընդդիմախոսությունը գուցե բարոյահոգեբանական առումով հանրությանը նյարդայնացնող, այդուհանդերձ վնասող չէ: Ի վերջո դա ամրացնում է վարչապետի դիրքը արցախյան հարցում, ոչ թե թուլացնում:
 
Իսկ «աներեւույթ ձեռքի» վերաբերյալ «թեզի» առարկայական լավագույն պատասխանը թերեւս ձեռքն էր, որ կայացրել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնին վստահության գեներալ Ջալալ Հարությունյանի նշանակման որոշումը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1865 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար