Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իրանի դատական համակարգի ղեկավարի հետ


Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իրանի դատական համակարգի ղեկավարի հետ

  • 26-02-2020 15:02:36   | Շվեյցարիա  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 25-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության դատական համակարգի ղեկավարի՝ միջազգային հարցերով տեղակալ, Իրանի մարդու իրավունքների գերագույն խորհրդի քարտուղար Ալի Բաղերիի հետ:
 
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը և տարբեր հարթություններում առկա երկխոսության դինամիկան։
 
ՄԻԽ 43-րդ նստաշրջանի օրակարգի և աշխատանքների համատեքստում կողմերը շեշտադրեցին մարդու իրավունքների, այդ թվում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարևորությունը: 
 
Նախարար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց զրուցակցին և Իրանի բարեկամ ժողովրդին Իրանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։
 
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն