Նիկոլ Փաշինյանը ժամանակ տվեց ուժայիններին


Նիկոլ Փաշինյանը ժամանակ տվեց ուժայիններին

  • 26-02-2020 15:07:35   | Հայաստան  |  Վերլուծություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով: Նա արձանագրել է, որ հեղափոխությունից հետո իրավապահ կառույցներն այդ գործում դրսեւորել են նախորդ տարիների համեմատ աննախադեպ բարձր արդյունք, բայց ընդհանուր առմամբ այն ամենեւին գոհացուցիչ չէ հետհեղափոխական հնարավորությունների ու հանրային սպասումների համեմատությամբ: Աձանագրելով դա, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ վերջին 30 տարում պետությանը պատճառվել է միլիարդավոր դոլարների վնաս, եւ հանրությունը հեղափոխությամբ տվել է նաեւ դրանք վերադարձնելու մանդատ: Ըստ Փաշինյանի, իրավապահ համակարգի բարձր պաշտոնների աշխատել են «բառի բուն իմաստով դավաճաններ», որոնք խանգարել են հետհեղափոխական հակակոռուպցիոն պայքարին, եւ այսօր էլ կան խանգարողներ:
 
Կառավարության վերջին նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ բանակի սպառազինության արդիականացման համար նախատեսված 2,5 միլիարդ դոլարի 1,5 միլիարդը պետք է ապահովվի հակակոռուպցիոն պայքարի, յուրացրածը պետությանը վերադարձնելու արդյունքում:
 
Դրան փաստորեն հաջորդում է կոշտ հռետորաբանությամբ խորհրդակցությունը կառավարությունում, որում խոսվում է միլիարդավոր դոլարների վնասի մասին: 1,5 միլիարդ դոլարը ամբողջական սահմանը չէ՞, որի վերադարձի քաղաքական պատասխանատվություն է ստանձնում իշխանությունը:
 
Սահմանադրական հանրաքվեի քարոզչության մեկնարկին զուգահեռ թեմատիկայի արդիականացման նպատակը զուտ քարոզչական մթնոլորտի թեժացո՞ւմն է, թե՞ կառավարությունն իրապես ձեռնամուխ է լինում հակակառուպցիոն պայքարի նոր ալիքի, այդ համատեքստում հաշվարկելով նաեւ ՍԴ հարցի լուծումը եւ դրան հաջորդելիք նոր իրողությունը:
 
Հայաստանում իշխող համակարգի կոռուպցիոն մեխանիզմները չեն ամփոփվել միայն Հայաստանի սահմաններում: Այդ իմաստով, հարցը միայն ներքաղաքական չէ, այլ նաեւ արտաքին քաղաքական: Ըստ այդմ, ուշագրավ է ոչ միայն սահմանադրական հանրաքվեի գործընթացին զուգահեռ հակակառուպցիոն ալիքի ուժգնացումը, այլ նաեւ արտաքին իրողությունները, երբ տեղի են ունենում Հայաստանի համար ռիսկեր ու հնարավորություններ պարունակող գործընթացներ:
 
Այդ համատեքստում հիշարժան է ամիսներ առաջ Հայաստանի գլխավոր դատախազի եւ Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի հանդիպումը, որի ընթացքում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսել էր Հայաստանից դուրս բերված անօրինական հարստության վերադարձի կարեւորության մասին:
 
Այդ հանգամանքը հետաքրքիր է ընդհանրապես իրավապահ համակարգի ղեկավարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների վարքագծի համատեքստում, որի մասին ակնարկում է վարչապետ Փաշինյանը: Այդ ակնարկը գործնականում ստեղծում է իրավապահ համակարգի ղեկավարներին տրվող ժամանակի տպավորություն, թեեւ հստակ չէ, թե հատկապես ինչ ժամանակի մասին է խոսքը, եւ ինչ ծավալների ակնկալիքով:
 
Այդուհանդերձ, հակակռուպցիոն պայքարի վերաբերյալ հաջորդ անդրադարձը արդյունքի վերաբերյալ դիտողություն պարունակելու պարագայում թերեւս պետք է պարունակի նաեւ իրավապահ համակարգի ղեկավար կազմին առնչվող կադրային էական լուծումներ: Համենայն դեպս վարչապետը նշաձող դնելով իրավապահների առաջ, այդպիսի քաղաքական նշաձողի առաջ է դնում նաեւ իրեն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն