Բաքվում դրությունը ծանր է՝ Ալիեւը բերման է ենթարկել Այազ Մութալիբովին


Բաքվում դրությունը ծանր է՝ Ալիեւը բերման է ենթարկել Այազ Մութալիբովին

  • 26-02-2020 17:20:25   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանում այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» տարելիցի առիթով կազմակերպած միջոցառմանը Ալիեւը հանդիպել է նախկին նախագահ Այազ Մութալիբովին, որը պաշտոնավարել է 1992-ին Խոջալուի իրադարձությունների ժամանակ:
 
Բաքվի որակած այսպես կոչված «ցեղասպանությունն» իրականում հայկական ուժերի ռազմական գործողությունն էր, որի նպատակն էր ապահովել Ստեփանակերտի եւ հարակից շրջանների անվտանգությունը: Այդ գործողությունների ընթացքում հայկական ուժերը նահանջի միջանցք էին թողել խաղաղ բնակչության համար, ինչը սակայն հենց ադրբեջանական զինուժը վերածել էր սեփական հայրենակիցների թակարդի, որպեսզի հետո ազգակիցների ոչնչացումը վերագրեն հայկական ուժերին, ինչն էլ փորձում են անել առ այսօր:
 
Այազ Մութալիբովն այդ հարցում ունի առանձնահատուկ դեր ոչ միայն այն առումով, որ եղել է այդ շրջանի նախագահը: Մութալիբովի դերն ավելին է, քանի որ նա 1992 թվականին ռուսական Նեզավիսիմայա Գազետա պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Խաջալուի սպանդը կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, իր՝ Մութալիբովի դեմ օգտագործելու եւ պաշտոնանկության հասնելու համար:
 
Այդ շրջանում ադրբեջանական ներքին վիճակն իսկապես բավականին թեժ էր: Խոջալուի հաջող գործողությանը հաջորդեցին Շուշին, Լաչինը, որից հետո Մութալիբովը կորցրեց իշխանությունը եւ այն ստանձնեց Էլչիբեյը: Նա էլ հետո գրեթե նույն տրամաբանությամբ կորցրեց իր իշխանությունը, մինչեւ այն անցավ Հեյդար Ալիեւին, որը իշխանությունը չկորցնելու համար համաձայնեց Հայաստանի ու Արցախի հետ զինադադար ստորագրելուն:
 
Մութալիբովը իշխանությունը կորցրեց, բայց չկորավ հարցազրույցը, որ նա ռուսական պարբերականին տվել էր 1992 թվականին: Այդ մասին օրեր առաջ Մյունխենում հիշեցրեց Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ի պատասխան Ալիեւի հիշատակման: Ալիեւը բնականաբար պետք է արձագանքեր, թե չի եղել այդպիսի բան, ինչին ի պատասխան Արմենպրես գործակալությունը մի քանի օր անց ներկայացրեց հարցազրույցի հեղինակ Դանա Մազալովայի վերահաստատումը՝ որ Մութալիբովի հարցազրույցն ամբողջությամբ համապատասխանում է այն խոսքերին, որ ասել է 1992-ին Ադրբեջանի նախագահը:
 
Այդ ֆոնին, ուշագրավ է Ադրբեջանի նախկին նախագահի հանդիպումը Իլհամ Ալիեւի հետ: Մութալիբովը հետո ասել է, թե ինչ է խոսել Ալիեւի հետ: Ըստ նրա, գովել է Մյունխենում խոսքերի համար ու նաեւ շեշտել բարդ աշխարհում Ալիեւի շուրջ միասնական լինելու անհրաժեշտությունը:
 
Հնարավոր է թերեւս պատկերացնել Ադրբեջանի գործող նախագահի վիճակը եւ խնդիրները, որ նա դե ֆակտո բերման է ենթարկում ծերացած եւ թերեւս ոչ այնքան առողջ Մութալիբովին, նրա շուրթերից աջակցություն եւ գովաբանություն հնչեցնելու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play