Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին

26-02-2020 17:52:49   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Գրաեմ Միհանին (նստավայրը` Մոսկվա):
 


Իր բարեմաղթանքները փոխանցելով դեսպանին առաքելության ստանձնման առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Ավստրալիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններին և ձևավորված սերտ գործակցությանը: Վեհափառ Հայրապետը հաստատեց Ավստրալիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների սերտացման գործում՝ վստահություն հայտնելով, որ այն կշարունակի իր արդյունավոր ներդրումն ու նպաստը բերել թե´ պետությունների կապերի զարգացման գործընթացին և թե´ Ավստրալիայի առաջընթացին:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար`
դեսպանը շեշտեց  Ավստրալիայի բազմազգ երկրում հաջողություններ արձանագրած հայ համայնքի կարևոր ներգրավվածությունը տարբեր ոլորտներում: Վերջինս հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար:
 
Զրույցի ընթացքում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը նաև վերհիշեց Ավստրալիա կատարած իր հավվապետական այցերը` գոհունակությամբ անդրադառնալով հայ համայնքի ծաղկուն ազգային-եկեղեցական կյանքին, ինչպես նաև հայ ժողովրդի զավակների հանդեպ ցուցաբերվող ջերմ ու հարգալից վերաբերմունքին: Այս կապակցությամբ Հայոց Հովվապետն իր գնահատանքը փոխանցեց Ավստրալիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ դրսևորվող հոգատարության համար:
 
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդի գործուն մասնակցությամբ երկրում ձևավորված միջեկեղեցական սերտ փոխգործակցությանը, որի վկայությունը Ավստրալիայի Եկեղեցիների հոգևոր առաջնորդների էկումենիկ պատվիրակության այցն էր Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
 
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց դեսպանին՝ ի զորացումն հայ-ավստրալական կապերի։ Բնական աղետից տուժած  Ավստրալիայի ժողովրդին Նորին Սրբությունը ցանկացավ կորուստների շուտափույթ վերականգնում, խաղաղ, ապահով ու առաջընթաց կյանք:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 445 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար