Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի վերացվի
26-02-2020 18:15:02 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը չի վերացվի:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ Սարգսյանի նկատմամբ ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու եւ դրանով, իրենց գնահատմամբ, Ս. Սարգսյանի իրավունքների եւ ազատությունների խախտումները վերացնելու նախաքննական մարմնին պարտավորեցնելու մասին:
Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նշենք, որ մինչ բուն գործի քննությունը, Սերժ Սարգսյանի պաշտպանները Սարգսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել առաջին ատյանի դատարան:
Հիշեցնենք, որ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ: