Ավելի քան 600 ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով


Ավելի քան 600 ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով

  • 27-02-2020 15:13:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացել է նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին: Երկրի  տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը  հնարավորինս մեղմելու նպատակով՝ ՀՀ-ն  5 տարուց ավելի անցումային ժամանակահատված է վերցրել՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի  հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թ.-ին: Հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 647 ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։ Ըստ այդմ՝ պայմանագրով սահմանված 2020 թ. հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։
 
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Ըստ էության, ավելի քան 600 ապրանքների գծով արտոնյալ ռեժիմը պահպանվում է, երկարացվում է ևս մեկ տարի: Դա առնվազն 30 միլիոն դոլար խնայողություն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, և մենք հույս ունենք, որ խնայված միջոցները ճիշտ կօգտագործվեն մեր տնտեսության հետագա զարգացմանը նպաստելու իմաստով: Բայց դեռ ընթացակարգերը պետք է անցնեն, և պետք է արագ անել, որպեսզի հնարավորինս արագ ուժի մեջ մտնի»:
 
Կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում ՀՀ ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը: Առաջարկվում է արգելել որոշմամբ նախատեսված փայտանյութի և դրանից պատրաստված ԵԱՏՄ նշված ծածկագրերին համապատասխանող ապրանքների արտահանումը ՀՀ-ից երրորդ երկրներ։ Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի պահանջ սահմանելու նպատակահարմարության հարցը պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությամբ։
 
Այլ որոշումներ
 
Գործադիրն ընդունել է Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին որոշում:
 
Կառավարությունը բավարարել է «Սահլևս» ՍՊԸ-ի ներկայացված հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով արտոնություններից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է կենցաղային կրակայրիչների արտադրության համար, ործունեություն է ծավալելու Կոտայքի մարզում։ Արդեն իսկ իրականացվել է 109 մլն դրամի կապիտալ ներդրում: Նախատեսվում է իրականացնել ևս 170 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 80 աշխատատեղ, ծրագրի շրջանակում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 140.5 մլն դրամ, որից 55.5 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 70 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 15 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն