Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը


Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

  • 27-02-2020 17:10:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աշխատակից Րաֆֆի Քորթոշյանը:
 
«Կարապետյանը հիվանդ էր: Վերջին 6 ամսում բուժում էր ստանում: Այսօր կեսօրին մահացավ»,- մանրամասնեց Քորթոշյանը:
 
Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։
 
1978 թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։
 
Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։
 
Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա կարծում է, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։ Իր փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։
 
Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ, այդ թվում՝
 
 
·         «Գետաշեն», 1992
 
·         «Ջավախքի խաչքարերը», 1995
 
 
·         Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 1997 թ.
 
·         Վրաց Պետական Քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները, 1988-1998. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 1998 թ.
 
·         «Հայ մշակութային հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», 1999, նաև ռուսերեն, 2000, անգլերեն, 2001
 
·         Armenian Cultural Monuments in the Region of Karabakh. Trans. Anahit Martirossian. Yerevan։ Gitutiun Publishing, 2001.
 
·         Ջավախքի Պատմական Հուշարձանները. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2001
 
·         «Թիֆլիսի քաղաքագլուխները», հայերեն, ռուսերեն, 2003
 
·         Կովկասյան թանգարանի Հայկական հավաքածուն. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2004
 
·         Հյուսիսային Արցախ. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2004 (ԼՂՀ Եղիշեի անվան գրականության մրցանակ, 2004)
 
·         Հայերը Կախեթում. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2004
 
Համահեղինակ է «Հայ ճարտարապետության վավերագրեր» մատենաշարի՝ Միլանում 1988 թ. լույս տեսած 19-րդ «Ղարաբաղ» պրակի։
 
Սամվել Կարապետյանն արժանացել է մի քանի մրցանակի։
 
·         2007 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին՝ հումանիտար գիտություններում ունեցած ներդրումների համար.
 
·         2004 Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց շքանշան
 
·         2004 Արցախի Հանրապետության Եղիշեի անվան գրականության մրցանակ
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը