ՄԻՊ-ն անընդունելի է համարում երթևեկության կազմակերպման խնդիրների համար վարորդին տուգանելը

27-02-2020 17:30:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով՝ նախքան տուգանային կամ այլ կերպ ասած բալային համակարգի ներդրումը պետությունը պետք է լուծեր երթևեկության անհրաժեշտ պայմանների ապահովման հարցը: ՄԻՊ-ը վարորդի կամքից անկախ կատարած խախտման համար տուգանքի նշանակումն անընդունելի է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թաթոյանն այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներում:
 


«Նախագծի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ այդպես էլ չիրականացվեցին պատշաճ իրազեկման աշխատանքներ: Նախագծի սկզբնական տարբերակում նախատեսված էր մինչև համակարգի գործադրումը 6 ամիս ապահովել իրազեկման աշխատանքների համար և ևս 6 ամիս ճանապարհային նշաններով կահավորելու համար: Արդյունքում ստացվեց, որ հասարակությունում կա տարերային բնույթ ունեցող տեղեկությունների սփռում: Եվ իմ գործունեության արդյունքները վկայում են
, որ մարդիկ հստակ պատկերացում չունեն, թե ով ինչ խախտման համար կարող է պատասխանատվության ենթարկվել, և այս կամ այն վարքագիծը ինչ հետևանք կարող է առաջացնել: Չեմ կարող ասել, թե իրազեկման աշխատանքներ առհասարակ չեն իրականացվում, դրանք իրականացվում են, սակայն ստացվեց, որ նախ դրանք քիչ են և երկրորդն իրականացվում են այս համակարգի ներդրմանը զուգահեռ»,-ասաց ՄԻՊ-ը:
 
Նա նկատեց՝ չնայած ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտումներ, որոնք առաջացնում են միավորների զրկում, բացառապես կախված են վարորդի վարքագծից, օրինակ` առանց հաշվառման համարանիշի, ալկոհոլի ազդեցության տակ վարելը, ամրագոտի չօգտագործելը, այնուամենայնիվ, առկա են այնպիսիք, որոնց կատարմանը նպաստում է երթևեկությանն անհրաժեշտ պայմանների բացակայությունը: Այսինքն` դրանք մարդու կամքից առհասարակ կախված չեն:
 
Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքների ուսումնասիրության համաձայն՝ երկրում առկա են ճանապարհների կահավորման հետ կապված խնդիրներ, օրինակ՝ մասնավորապես հետիոտնային անցումների տեսանելիություն, ասֆալտապատումից հետո նոր գծանշումների բացակայություն, երթևեկության ծանրաբեռնվածություն, ինչը օրինակ հանգեցնում է կայանման խնդրի: «Սրան բախվում են հիմնականում տաքսիների վարորդները և առաքիչները, որոնք ստիպված են կայանել, այսպես կոչված, երկրորդ գծում: Խնդիրն իր հերթին առաջացնում է նաև այլ վարորդների կողմից երթևեկության կանոնների խախտման հարց: Այս խախտումների համար մարդու նկատմամբ ներգործության միջոցներ կիրառելը, այսինքն տուգանքը, ես կարծում եմ,
որ արդարացված չէ այս պայմաններում: Սա մարդու իրավունքի չափազանց բարձր աստիճանի միջամտություն է: Իսկ որքան բարձր է մարդու իրավունքի միջամտությունը, պետք է պետությունն այդքան մեծ պարտավորություն ու ջանքեր գործադրի, որ մինչև այդ համակարգի ներդրումը համաչափության թեստը հաղթահարի: Կարծում եմ, որ մեր պետությունը պետք է ջանքերը շարունակաբար և շատ ինտենսիվ գործադրի ճանապարհային նշանների կահավորման ուղղությամբ»,-ասաց ՄԻՊ-ը:
 
Թաթոյանը նշեց՝ ՃՈ-ի հետ ունեն հաստատված շատ լավ աշխատանք, սակայն հարցին պետք է համակարգային լուծում տրվի: Նա նշեց՝ բալային համակարգը աշխարհում արդյունավետ համակարգ է, սակայն պետք է ջանքեր գործադրել, որ մյուս բաղադրիչները նույնպես պահպանված լինեն, օրինակ արագաչափ սարքերի մասին նշաններն ավելի տեսանելի լինեն և այլն:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 405 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար