Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իսրայելում

28-02-2020 17:30:37   | Հայաստան  |  Մշակույթ
 


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 1-5-ն Իսրայելում կմասնակցի Wandering Music Stars փառատոնին‚ որի շրջանակներում կանցկացվի նաև սաքսոֆոնահարների և կլարնետահարների միջազգային մրցույթ։
 
Փառատոնի բացման համերգը կկայանա մարտի 1-ին Երուսաղեմում։ Ելույթ կունենան Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը և կլարնետահար Շիրլեյ Բրիլը։ Համերգը կղեկավարի դրիժոր Սերգեյ Սմբատյանը։ 
 
Փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կունենա չորս համերգ՝ մեկը՝
Երուսաղեմում (մարտի 2-ին) և երեքը՝ Թել Ավիվում (մարտի 3-ին‚ 4-ին և 5-ին)։ Նվագախմբի հետ ելույթ կունենան անվանի ջութակահարներ Մաքսիմ Վենգերովը‚ Դանիել Լոզակովիչը‚ թավջութակահար Ալեքսանդր Կնյազևը։ Համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Դմիտրի Յաբլոնսկին‚ ով նաև փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։ 
Փառատոնային համերգների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Հայդնի, Բեթհովենի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Նվագախումբը Թել Ավիվում կհնչեցնի նաև անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի Սիմֆոնիետը լարային նվագախմբի համար։ Նշենք‚ որ այս տարի նշվում է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանը‚ և Իրսայելում մեծ կոմպոզիտորի ստեղծագործության կատարումը հարգանքի տուրք է նրա հիշատակին։ 
 
Wandering Music Stars փառատոնի կազմակերպիչներից է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Նվագախումբն Իսրայել է մեկնում ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։ 
 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 597 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար