Ըստ Հելսինկյան ասոցիացիայի, «Մարտի 1-ի» գործերով վկաները առ
այսօր ոստիկանությունում եւ դատախազությունում ենթարկվում են
խոշտանգումների
29-05-2009 19:30:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի մարտից մինչեւ
այսօր «Մարտի 1-ի» գործերով դատակոչված վկաները անօրինական կերպով
տարվում են ոստիկանություն եւ դատախազություն, որտեղ ենթարկվում են
խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի: Այս մասին նշված է
Հելսինկյան ասոցիացիայի միջանկյալ զեկույցում, որն ամբողջովին
վերաբերվում է վկաների հանդեպ իրականացված գործողություններին:
Մասնավորապես, զեկույցում արձանագրված է, որ 2008թ.-ի մարտի
1-ի հանրահավաքի մասնակից Գագիկ Ավդալյանը մարտի 1-ի լույս 2-ի
գիշերը ձերբակալվել է եւ տարվել ոստիկանության 6-րդ վարչություն,
որտեղ պահվել է 2 օր: «Մինչ մարտի 4-ի առավոտյան Գ.Ավդալյանը
խոշտանգվել է. նա անընդհատ դաժանաբար ծեծի է ենթարկվել 6-10 հոգու
կողմից»,- նշված է զեկույցում: Գ.Ավդալյանի անձնագիրը, Հելսինկյան
ասոցիացիայի հավաստմամբ, վերցրել են եւ մինչեւ այսօր չեն
վերադարձրել: Նրան ստիպել են ցուցմունքներ գրել «մարտի 1-ի» գործով
ամբաստանյալներ Մյասնիկ Մալխասյանի եւ Սուրեն Սիրունյանի դեմ`
ապառնալով, որ եթե չգրի, ծեծելով կսպանեն եւ կտանեն կգցեն մարտի
1-ի դիակների մեջ եւ կասեն, որ նրանց հետ է մահացել: Ս.Սիրունյանի
դատավարության նիստի ժամանակ Գ.Ավդալյանը հրաժարվել է իր նախնական
ցուցմունքներից, ինչից հետո ոստիկանները առ այսօր սպառնում են
նրան:
«Ամբաստանյալ Հակոբ Հակոբյանի գործով դատակոչված վկա Գեւորգ
Մուրադյանը մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հայտնել է, որ
ընդհանրապես այդ օրը այնտեղ (Ա.Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ)
չի եղել, հանրահավաքներին չի մասնակցել»,- նշված է զեկույցում:
Հ.Հակոբյանի կողմից Գ.Մուրադյանը կոչեր կամ հայտարարություններ չի
լսել: Վկան դատարանում հայտարարել է, որ իր նախաքննական
ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը: Նա պատմել է, որ
իրեն հարցաքննած քննիչը եւ մի քանի ոստիկաններ իրեն ենթարկել են
դաժան ծեծի` ստիպելով գրել ցուցմունքներ իրենց թելադրանքով: Վկային
երեք օր շարունակ տուն չեն թողել: Ցուցմունքների մեջ Գ.Մուրադյանի
ծննդյան տարին եւ ամսաթիվը փոխել են, քանի որ նա այդ ժամանակ
անչափահաս է եղել: Նրան, ինչպես նշված է Հելսինկյան ասոցիացիայի
զեկույցում, հարցաքննել են առանց ծնողների ներկայության, առանց
փաստաբանի, հայտարարելով, թե իրեն պաշտպան չի հասնում:
«Գ.Մուրադյանին ծեծելիս ոստիկաններից մեկն ասել է այնպես ծեծեն, որ
չմահանա, քանի որ վկան տեղեկացրել է, որ ինքը մանկուց ունի սրտի
արատ եւ երիկամային հիվանդություն»,- նշվում է ասոցիացիայի
զեկույցում:
Զեկույցում ներկայացված են նաեւ վկաներ Ռաֆայել Բալբաբյանի,
Հմայակ Գալստյանի, Թաթուլ Կարապետյանի, Յաշա Մելքոնյանի, Խաչիկ
Դավթյանի, Հենրիկ Հարթինյանի նկատմամբ կիրարված խոշտանգումների
փաստերը: Ինչ վերաբերում է ամբաստանյալ Գրիգոր Ոսկերչյանի գործով
վկա Արիստակես Վարդանյանին, ապա նա եւս, մյուս վկաների նման,
հրաժարվել է իր նախնական ցուցմունքներից, նշելով, սակայն, որ ինքը
բռնության չի ենթարկվել: