Դատարանը պարտավորեցրել է Վարչապետի աշխատակազմին «Իրավական ուղի» ՀԿ-ին տրամադրել պարգեւատրումներին վերաբերող որոշումը


Դատարանը պարտավորեցրել է Վարչապետի աշխատակազմին «Իրավական ուղի» ՀԿ-ին տրամադրել պարգեւատրումներին վերաբերող որոշումը

  • 11-03-2020 13:18:23   | Հայաստան  |  Իրավունք

«Իրավական ուղի» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դատարանը պարտավորեցրել է Վարչապետի աշխատակազմին «Իրավական ուղի» ՀԿ-ին տրամադրել պարգեւատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի նշագրում» պարունակող որոշումը.
 
«10․03․2020թ․-ին ՀՀ Վարչական դատարանը վճռել է բավարարել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ Վարչապետի աշխատակազմի՝ պարտավորեցնելով Վարչապետի աշխատակազմին տրամադրել նախարարների, նախարարների տեղակալների, նախարարությունների գլխավոր քարտուղարների եւ մարզպետների՝ պարգեւատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի նշագրում» պարունակող որոշումը։
 
Հիշեցնենք, որ 2019թ․-ին հոկտեմբերին ԶԼՄ-ներում շրջանառվել են տեղեկություններ այն մասին, որ Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է։
 
Նշված հարցի շուրջ 23․10․2019թ․-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է պարգեւատրումային համակարգի կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի» դրոշմագրի ներքո շրջանառված փաստաթղթի առկայությունը։
 
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը 30․10․2019թ․-ին ՀՀ Վարչապետի աշխատակազմից հարցմամբ խնդրել է տրամադրել նշված փաստաթղթի օրինակը։
 
06․11․2019թ․-ին Վարչապետի աշխատակազմը մերժել է հայցված տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ խնդրո առարկա որոշումը պարունակում է գաղտնի նշագրում։
 
06․12․2019թ․-ին «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Վարչապետի աշխատակազմի՝ 30․10․2019թ․-ի հարցմամբ հայցված տեղեկատվության տրամադրումը պարտավորեցնելու պահանջի մասին։
 
ՀՀ Վարչական դատարանն արձանագրել է, որ օրենքով նախատեսված վարձատրությունից զատ՝ նշված պաշտոնյաների պարգեւատրումների մասին եւս հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, քանի որ նշված տեղեկատվության սահմանափակումը չունի որեւէ իրավաչափ նպատակ»։
Նոյյան տապան  -   Իրավունք