Դիտավորյալ վարակելու համար ենք բարձր պատիժներ սահմանել, մնացած դեպքերում սանկցիաներն ավելի մեղմ են


Դիտավորյալ վարակելու համար ենք բարձր պատիժներ սահմանել, մնացած դեպքերում սանկցիաներն ավելի մեղմ են

  • 24-03-2020 09:48:46   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը
 
Պարոն Վարդանյան, արտակարգ դրության պայմանները խստացվեցին, այդ թվում պատիժներ են սահմանվել սահմանված կարգը խախտողների համար։ Ձեր գնահատմամբ, դա արդյունք կունենա՞, հաշվի առնելով, որ անկախ կոչերից, մարդիկ 100-հոգանոց հավաքույթներ են անում, բավարար չափով չեն պաշտպանվում։
 
ԱԺ կողմից երեկ ընդունված օրենսդրությունը կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա, քաղաքացիները պետք է հասկանան, որ համապատասխան օրենքով սահմանված պահանջները՝ մեկուսացման և ինքնամեկուսացման, եթե չպահպանեն, կհանգեցնի վարչական պատասխանատվության։ Իսկ եթե դա հանգեցնի վարակման, կամ առողջությանը, կամ կյանքին վնաս պատճառի, այդ դեպքում արդեն քրեական պատասխանատվություն է նախատեսվում։ Այսինքն սա կանխարգելիչ նշանակություն ունի։ Պետք է նաև հաշվի առնել, որ նրանք, որոնք ինքնակամ սոցիալական հեռավորությունը պահպանում են, նրանց համար այս նորմերը գուցե մեծ նշանակություն չունենան, բայց նրանք, որոնք չեն գիտակցում խնդրի լրջության աստիճանը և որոնց ցուցված կլինի, նրանք պետք է հասկանան, որ լինելու են դեպքեր, երբ կարող են ենթարկվել պատասխանատվության։ Խոսքը բոլորին չի վերաբերում, վերաբերում է միայն նրանց, որոնք ունեն հստակ ցուցում մեկուսացման, ինքնամեկուսացման կամ տեղաշարժի ազատությունը սահմանափակելու։
 
Ինչը ստիպեց 5-7 տարի ազատազրկում սահմանող դրույթը հանել նախագծից։
 
Մենք քրեական օրենսգրքում սահմանել ենք երկու դեպք. Մեկը կոնորավիրուսով վարակելու դեպքն է, որը շատ նման է ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի դիտավորյալ տարածման հանցակազմին։ Մյուս դեպքը վերաբերում է վարակի նկատմամբ դիտավորության, հետևանքների նկատմամբ անզգուշության միջոցով իրականացվող այնպիսի արարքներին, որի պարագայում անձը խախտում է այն սահմանափակումները, որոնց անտեսումը կարող է հանգեցնել վարակման։ Այսինքն մենք դիտավորյալ կատարած վարակելու համար ենք բարձր պատիժներ սահմանել, մնացած դեպքերում սանկցիաներն ավելի մեղմ են։
 
Սա անհրաժեշտ միջոց է, որովհետև կարծես թե բոլոր երկրները գնում են այս ճանապարհով։ Շատ երկրներ նման փոփոխություններ են կատարել իրենց օրենսդրության մեջ, և դրանք անհրաժեշտ են, որպեսզի իրոք կանխվի այս վարակի տարածումը։
 
Մի կողմից վարչապետը նշում է, որ այս իրավիճակը դեռ երկար կտևի, մյուս կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարում է, որ կարող է անգամ նախատեսված ժամկետից շուտ ավարտվի արտակարգ դրությունը։
 
Միշտ լավատես փորձենք լինել, հուսանք, որ ինչ-որ եղանակով վիրուսի տարածումն ամբողջ աշխարհում և Հայաստանում կդառնա վերահսկելի, և թվերը կնվազեն։ Բայց մյուս կողմից պետք է ավելի զգոն լինենք՝ հաշվի առնելով, որ աշխարհի երկրները, այդ թվում զարգացած երկրները բոլոր ջանքերը գործադրում են, որ կանխեն վիրուսի տարածումը, բայց ոչ միշտ կարող ենք արձանագրել, որ դա հաջողվում է, որովհետև դեպքերը վերջին շրջանում աճում են։ Այսինքն մենք, իհարկե, լավատեսությամբ պետք է գնանք առաջ։ Այս տեսանկյունից ես հասկանում եմ փոխվարչապետ Ավինյանի լավատեսությունը, ուզում եմ կիսել այդ լավատեսությունը։ Մյուս կողմից, զգոնությունը չպետք է թուլացնենք, որովհետև մենք պետք է պատրաստվենք ցանկացած սցենարի։
 
Անգամ կարող է արտակարգ դրությունը երկարի՞։
 
Այս պահի դրությամբ այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Արտակարգ դրությունն ինքնանպատակ չէ, այն պայմանավորված է արտակարգ իրավիճակի առկայությամբ։ Եթե արտակարգ իրավիճակի համար հիմք ծառայած դեպքերի թիվը նվազի, իհարկե, արտակարգ դրությունը պահպանելու իմաստն էլ կկորի։ Եթե կարիք լինի և Սահմանադրությամբ սահմանված հիմքերը լինեն, ապա կարող է քննարկվել նաև այդ տարբերակը, որովհետև շատ երկրներում արտակարգ դրությունը կամ կարանտինային պայմանները բավականին երկարաժամկետ են նախատեսվում։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play