Այս վիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ նոր հնարավորություն՝ համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղադիրքը փոխելու համար. ՀՀ վարչապետ


Այս վիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ նոր հնարավորություն՝ համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղադիրքը փոխելու համար. ՀՀ վարչապետ

  • 24-03-2020 20:30:53   | Հայաստան  |  Հասարակություն

Համաշխարհային շուկայում ազատվող առնվազն 30 միլիարդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը պետք է զբաղեցնի: Այս խնդիրը կառավարությունը պետք է լուծի առաջիկա հինգ տարվա ընթացքում: 
 
Այս մասին մարտի 24-ին հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Ըստ նրա՝  Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն իսկ արձանագրել է, որ 2020 թվականը անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար: Կանխատեսվող անկումն ավելի խորն է լինելու, քան անգամ 2008 -2009 թվականների տնտեսական ճգնաժամի ժամանակ: 
 
«Հայաստանի պարագայում կանխատեսումներն այս պահի դրությամբ դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորեցինք 2019 թվականին: Բայց ինչպես ասել եմ նախկինում, այս վիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ նոր հնարավորություն՝ համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղադիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության մեր օրակարգը ավելի արդյունավետ և կրկնապատիկ տեմպերով կյանքի կոչելու համար: Աշխարհում համախառն ներքին արդյունքի 3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու, այսինքն՝ համաշխարահային շուկայում այդքան տեղ է ազատվելու, և մենք պետք է այսօրվանից մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 մլրդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը պետք է զբաղեցնի և այս խնդիրը պետք է լուծվի առաջիկա հինգ տարվա ընթացքում»,- ընդգծեց Ն. Փաշինյանը՝ հավելելով. «Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը խնդիր է դրել զբաղեցնել ազատվող շուկայի 1 տոկոսը, և ես հավատում եմ, որ դա մենք կարող ենք անել»: 
 
Նրա պնդմամբ՝  այսօր ամբողջ աշխարհը հիացած է հայ գործարարի տաղանդով, քանի որ հենց նրա շնորհիվ կորոնավիրուսի ամենաճգնաժամային պահին Հայաստանը պարենային և լայն սպառման ապրանքների որևէ դեֆիցիտ չի ունեցել և չունի. 
 
«Այսպիսի արդյունքով չեն կարող պարծենալ աշխարհի շատ ու շատ զարգացած երկրներ, և սա մեր գործարարների, աշխատող հայ մարդու տաղանդի շնորհիվ է»: 
 
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ հստակ քայլեր են մշակել տեղական բիզնեսի մրցունակ և հեռանկարային հատվածին աջակցելու համար, իսկ այդ աջակցության առաջին փաթեթները կընդունվեն հինգշաբթի օրը կայանալիք կառավարության նիստում: 
 
«Ընդհանուր առմամբ՝ կառավարությունը շուրջ 150 մլրդ դրամ է տրամադրելու իրականում ոչ թե ճգնաժամային այս վիճակին դիմակայելու, այլ հետճգնաժամային աշխարհում մեր հաղթանակները նախապատրաստելու համար: Կառավարության առաջիկա նիստում մենք կընդունենք նաև գյուղատնտեսության խթանման լայնածավալ ծրագիր: Ինչպես և խոստացել էի, բոլոր տեսակի նոր տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տոկոսները կառավարության կողմից կզրոյացվեն, ինչպես նաև առանձնահատուկ պայմաններ կստեղծվեն ռեալ աշխատող և ձևավորվող գյուղատնտեսական կոոպերատիվների համար: Իմիջայլոց՝ գյուղատնտեսական գործունեությունն այս օրերին չպետք է արգելակվի, և ես կոչ եմ անում մեր բոլոր գյուղացիներին ակտիվորեն զբաղվել գարնանային գյուղատնտեսական աշխատանքներով, որովհետև նաև Պարետատան որոշմամբ՝ գործունեության այդ տեսակը համարվել է կենսական»,- փաստեց Ն. Փաշինյանը: 
 
Նրա փոխանցմամբ՝ կառավարության առաջիկա նիստում նաև հատուկ փաթեթ կընդունվի գործող բիզնեսների լիկվիդայնության հնարավոր խնդիրները չեզոքացնելու և անհրաժեշտ լիկվիդայնություն ապահովելու, այդ թվում աշխատատեղերը պահպանելու և աշխատավարձերը վճարելու համար: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play