ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) գործարկել է առցանց կրթության իր հարթակը


ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) գործարկել է առցանց կրթության իր հարթակը

  • 26-03-2020 16:12:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին` կորոնավիրուսի կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում ընդլայնել առցանց կրթության հնարավորությունները, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) գործարկել է առցանց կրթության իր հարթակը: Այն նպատակ ունի ապահովել կրթական գործընթացի շարունակականությունը, ամբողջովին առցանց միջավայրում կարելի է սովորել ու բացահայտել հայկական պատմության և մշակույթի հետաքրքիր թեմաները, հանդիպել նոր ընկերների:
 
Նորարարական այս ծրագրի 4 շաբաթների ընթացքում (մարտ 26-ապրիլ 23) առցանց հարթակում անդրադարձ կլինի հայկական մշակութային ժառանգությանը՝ լեզու, պատմություն, կրոն, ճարտարապետություն, խոհանոց, շախմատ: Ինտերակտիվ բովանդակության հիմքում ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերն են, առցանց դասընթացները և վիրտուալ այցելությունները, որոնք ներկայացված են յոթ լեզուներով՝ արևելահայերեն և արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն: Կրթական հարթակը նաև լավ հնարավորություն է ամբողջ աշխարհից միացած մասնակիցների ամենօրյա ինտերակտիվ հանդիպումների և առցանց հաղորդակցության համար:
 
ՀՀ Կառավարության կայքէջից տեղեկանում ենք,  որ կրթական ինքնուսույց նյութերից բացի ՀՎՀ-ի կրթահարթակում կկազմակերպվեն նաև վիրտուալ այցելություններ դեպի պատմական և մշակութային վայրեր Հայաստանում և սփյուռքում: Ամենօրյա հանդիպումները կվարեն ՀՎՀ-ի փորձառու հեռավար դասախոսները: Նրանք նաև կաջակցեն մասնակիցներին ամբողջ ծրագրի ընթացքում: Հեռավար դասախոսների հետ կապը կնպաստի մասնակիցների գիտելիքների ամրապնդմանը, իսկ նորարարական մուլտիմեդիա միջոցներն ուսումը կդարձնեն հետաքրքիր: ՀՎՀ-ի ինտերակտիվ առցանց կրթական հարթակը հասանելի է անվճար www.avc-agbu.org կայքում, ինչպես նաև ՀՎՀ-ի սոցիալական ցանցերում:
 
Սովորե՛ք, բացահայտե՛ք և հանդիպե՛ք ՀՎՀ-ի առցանց և անվճար կրթական հարթակում։
 
ՀՎՀ-ի գործունեությանը և ծրագրերին ծանոթանալու համար կարող եք այցելել www.avc-agbu.org կայքը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play