Այն հղիները, որոնց ամուսիներն աշխատանքից ազատվել են մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում, 100 հազար դրամի չափով միանվագ նպաստ կստանան
30-03-2020 14:20:19 | Հայաստան | Հասարակություն
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն ուղղված ՀՀ կառավարության կողմից ընդունված թվով 7-րդ աջակցության փաթեթը վերաբերում է հղի կանանց:
Ինչպես մարտի 30-ին հրավիրված արտահերթ նիստում զեկուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, հղի կանանց աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով՝ 100 հազար դրամի չափով:
«Միջոցառման շահառու է հանդիսանում այն հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում»,- ներկայացրեց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ հղի կանանց չպետք է նեղացնել, հետևաբար նրանց դեպքում որևէ սահմանափակում չի կիրառվելու:
«Այստեղ հարց ծագեց, իսկ միայնակ հղի կանանց պարագայում գործո՞ւմ է այս կարգավորումը»,- հարցրեց վարչապետը:
Զ. Բաթոյանը տեղեկացրեց, որ չի գործում և հիմնավորեց.
«Որոշմամբ ամրագրված է, որ եթե աշխատանք չունի և ում ամուսինն ազատվել է աշխատանքից: Աշխատող հղի կանանց Աշխատանքային օրենսգիրքը պաշտպանում է, և այս դեպքում իրենց, այնուամենայնիվ, չեն կարող որևէ դեպքում ազատել աշխատանքից»: