Տիգրան Խաչատրյանը գործարարների հետ քննարկել է տնտեսական աջակցության հարցերը


Տիգրան Խաչատրյանը գործարարների հետ քննարկել է տնտեսական աջակցության հարցերը

  • 30-03-2020 18:03:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 30-ին նախարարությունում հանդիպում է ունեցել վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պետության կողմից տրամադրվող աջակցման գործիքների կիրառելիության և հասցեականության հետ կապված հարցերը:
Նախարարը նշել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է որքան հնարավոր է փոքրաթիվ ուժերով համակարգված աշխատանք իրականացնել:   
Նախարարը տեղեկացրել է, որ կառավարության կողմից մշակված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների թվում առաջին միջոցառումը արտոնյալ եղանակով վարկային համաֆինանսավորումն է, և խնդրել է տնտեսվարողներին ներկայացնել, թե վերջիններիս խնդիրների որ մասն է այն լուծում, կա՞ն արդյոք բացեր և ի՞նչ առաջարկներ ու նկատառումներ ունեն: 
Տիգրան Խաչատրյանը նաև նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է ընկերությունների ներկայացուցիչներից ստանալ կոնկրետ տեղեկություններ` վերջիններիս գործունեության այս փուլի ամենամեծ խնդիրների վերաբերյալ և քննարկել, թե ինչպես պետք է իրականացնել  տեղեկությունների պարբերական փոխանակումը, որպեսզի դրանք հաշվի առնվեն հետագա անելիքները հստակ ձևակերպելու համար: 
Ընկերությունների ներկայացուցիչները նախարարին տեղեկացրել են իրենց հիմնական խնդիրների մասին, ներկայացրել առաջարկներ: Քննարկվել է լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը արտադրությունների աշխատանքն անվտանգ կազմակերպելու համար, հստակ ընթացակարգերի մշակումը` հաշվի առնելով վարակման ռիսկի գործոնները և դրանցից բխող անհրաժեշտ գործողությունները: 
Գործարարների հետ հանդիպումը կազմակերպվել է ՀՀ վարչապետի հանձնարարականով: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն