Ընդդիմությունը մանիպուլյացիա է իրականացնում շատ անհարմար պահի. Ռուբեն Ռուբինյան


Ընդդիմությունը մանիպուլյացիա է իրականացնում շատ անհարմար պահի. Ռուբեն Ռուբինյան

  • 31-03-2020 12:05:39   | Հայաստան  |  Հասարակություն

Ընդդիմությունը մանիպուլյացիա է իրականացնում շատ անհարմար պահի: 
 
Այս մասին մարտի 31-ին Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տեղորոշումը զանգերի միջոցով ֆիքսելու օրինագծին: 
 
Ըստ նրա՝ նշյալ նախագիծը կոչված է համաճարակը դադարեցնելուն, զոհերից խուսափելուն կամ հնարավորինս քիչ զոհեր ունենալուն: 
 
Ռ. Ռուբինյանը վկայակոչեց Հարավային Կորեայի օրինակը՝ նշելով, որ իրենք առաջարկում են տեղայնացնել նրանց հաջողված փորձը. 
 
«Մոտ մեկ ամիս առաջ Հարավային Կորեան աշխարհում երկրորդ տեղում էր կորոնավիրուսի վարակակիրների թվով և ուներ աճի շատ մեծ տեմպ: Այս պահի դրությամբ այնտեղ հաջողվել է գրեթե կանգնեցնել կամ դանդաղեցնել  համաճարակի տարածումը, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության մի շարք պաշտոնյաններ մի շարք հրապարակային ելույթներում գովել են հավակորեական փորձը և խորհուրդ են տվել ներդնել այն: Իսկ ինչում է կայանում այդ փորձը: Հարավային Կորեայում իրականում իրականացվում են ավելի խիստ միջոցառումներ, քան առաջարկվում է մեզ մոտ սույն օրենքով»: 
 
Ռ. Ռուբենյանի խոսքերով՝ Հարավային Կորեայում GPS-ի և կրեդիտ քարտերի օգնությամբ ֆիքսում են ոչ միայն վարակակիրների շարժը, այլև քաղաքացիներին հաղորդագրությունների միջոցով տեղեկացնում են այլ քաղաքացիների շարժի մասին: 
 
Նրա գնահատմամբ՝  սա արդեն անձնական կյանքի լրիվ այլ մակարդակի բացության մասին է խոսում և սկզբնական շրջանում այդ երկրի քաղաքացիների մոտ ևս մտահոգություններ են առաջացել: 
 
«Բայց եկել է ինչ-որ կետ, որ հասկացել են՝ անձնական կյանքի հետ կապված որոշակի խնդիրներն այն գինն է, որը որպես հանրություն՝ իրենք պետք է վճարեն համաճարակը կանգնեցնելու համար: 
 
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որին դեմ քվեարկեցին ընդդիմադիր խմբակցությունները: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն