ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ Արցախում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայտարարության

31-03-2020 13:00:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայ ժողովրդի հանդեպ այդ երկրի թշնամական քաղաքականության հերթական արտահայտությունն է:
 


Հավատարիմ լինելով միջազգային փաստաթղթերի ընտրովի մեկնաբանության իր ավանդական դիրքորոշմանը՝ Թուրքիան մի կողմից վկայակոչում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը, մյուս կողմից՝ անտեսում վերջիններիս՝ անմիջականորեն տարածաշրջանի երկրներին ուղղված կոչը՝ ձեռնպահ մնալու ղարաբաղյան  հակամարտության համատեքստում որևէ թշնամական գործողություններից։ Մինչդեռ հենց նույն Թուրքիան է տասնամյակներ ի վեր ցամաքային շրջափակման ենթարկում Հայաստանի Հանրապետությանը և աջակցում է Արցախի
ժողովրդի դեմ սանձազերծվող ագրեսիվ և վայրագ գործողություններին՝ այդ թվում 2016 թ. ապրիլին:
 
Նույնքան անհիմն է Թուրքիայի արտգործնախարարության կողմից ԵԱՀԿ սկզբունքների և Մինսկի գործընթացի վկայակոչումը: Հիշեցնում ենք, որ 1992թ. մարտի 24-ի ԵԱՀԿ/ԵԱՀԽ այն որոշումը, որով հիմք է դրվել Մինսկի գործընթացին, հղում է կատարում Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներին` որպես այդ գործընթացի մասնակից: Ընտրյալ ներկայացուցիչներ ունենալու համար պետք է ունենալ ընտրություններ, և այդ տեսակետից Արցախում անցկացվելիք ընտրությունները ոչ միայն չեն հակասում այլ բխում են խաղաղ կարգավորման տրամաբանությունից և դրա հիմքում դրված փաստաթղթերից: 
 
Թուրքիայի փորձերը հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում և նրա կոչերը միջազգային համայնքին առավել քան սնանկ են՝ այդ երկրի կողմից ժողովուրդների իրավունքների և հարևան երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակական ոտնձգությունների և միջազգային իրավունքի ու ժողովրդավարության նորմերը ոտնահարող ագրեսիվ քաղաքականության իրականացման լույսի ներքո:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 213 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար