Վանաձորում մարդկանց կուտակումներ են. մարզում վարակվածների թիվը հասավ 5-ի, բայց քաղաքացիները չեն ուզում հասկանալ պահի լրջությունը. Մարզպետ


Վանաձորում մարդկանց կուտակումներ են. մարզում վարակվածների թիվը հասավ 5-ի, բայց քաղաքացիները չեն ուզում հասկանալ պահի լրջությունը. Մարզպետ

  • 02-04-2020 17:12:52   | Լոռու մարզ  |  Հասարակություն

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5-ի:
 
«Հարգելի՛ լոռեցիներ,
Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք:
Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են:
Սա ևս մեկ անգամ մեզ սթափության կոչ հնչեցնելու առիթ է տալիս:
Չնայած Պարետի ցուցումով սահմանված ավելի խիստ սահմանափակումներին և մեր ամենօրյա վերահսկողությանը, շատ քաղաքացիներ պարզապես չեն ուզում հասկանալ պահի լրջությունը և յուրաքանչյուրն իր հերթին վստահ է, որ վարակը իրեն կամ իր ընտանիքի որևէ անդամի երբևէ չի հասնի:Մինչդեռ վարակից կարող ենք խուսափել միայն այն դեպքում, երբ, որպես օրինապահ քաղաքացիներ, ամենայն ճշգրտությամբ կատարենք բոլոր ցուցումները: Ցավոք, այդպես չէ: Հատկապես այսօր, մարզկենտրոն Վանաձորում ականատես եղա մարդկանց բազմաթիվ կուտակումների, ինչը բացարձակապես անընդունելի եմ համարում:
 
✅Եվս մեկ անգամ կրկնում եմ, ամեն ինչ արվում է միմիայն բոլորիս անվտանգության ապահովման համար:
Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է տարբեր կառույցների համագործակցված աշխատանքի շնորհիվ:
✅Կրկին անգամ խնդրում և հորդորում եմ՝ հետևել պարետի ցուցումներին տնից դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Մի վտանգեք Ձեր ու Ձեր հարազատների առողջությունը և կյանքը»:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն