Նիդեռլանդների հայերը հետևում են Առողջապահության նախարարության բոլոր ցուցումներին. Էրիկ Աղաբեկյան

06-04-2020 14:17:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Նիդեռլանդների հայկական համայնքը, որը  բավականին գործունյա է և օրինապահ, հետևում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում երկրի Առողջապահության նախարարության բոլոր հրահանգներին և փորձում է հասկանալ, թե ինչ զարգացումներ են սպասում:
 


«Արմեն
պրես»-
ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Նիդեռլանդներում գործող խոշոր զբոսաշրջային գործակալության ղեկավար Էրիկ Աղաբեկյանը:
 
«Հոլանդիայում մենք մեծ խնդիրներ ունենք առողջապահության համակագում, որտեղ փոքր-ինչ խուճապ կա՝ կապված ինտենսիվ թերապիայի քանակի հետ: Իսկ սահմանափակումները պահպանվելու են մինչև ապրիլի 28-ը, ուստի բոլոր քաղաքացիները պարտավոր են հետևել կանոններին: Երկրի հայ բնակիչները բացառություն չեն: Մենք այս պահին մեծ առաջընթացի մասին խոսել չենք կարող, որովհետև փոփոխությունները դեպի լավն այնքան էլ մեծ չեն: Բոլորս հույս ունենք, որ շատ շուտով դրական շարժ կնկատվի, և կբացվեն այն հնարավորությունները, որոնք եղել են մինչ վիրուսի տարածումը»,-նշեց Աղաբեկյանն ու հավելեց, որ չունի որևէ տեղեկություն այն մասին, թե տեղի հայերի շրջանում կա՞ն վարակվածներ:
 
Նրա խոսքով՝ համայնքի անդամները հնարավորինս մեկուսացված են: Անձամբ ինքը երեք կամ չորս շաբաթվա ընթացքում  չի այցելել հորը՝ փորձելով ռիսկի չենթարկել նրան: Աղաբեկյանի շրջապատում բոլորն են այդպես մտածում: «Պետք է խոստովանել, որ հատկապես երիտասարդների շրջանում հանդիպում են մարդիկ, որոնք հարցին ավելի թեթև են նայում, բայց նրանք ևս, միևնույն է, զգույշ են:  Քիչ չեն բարձր գիտակցություն ունեցողները, որոնք մեծ պատասխանատվություն են կրում և՛ իրենց, և՛ իրենց հարազատների համար:  Տեղի հայերը շատ ինֆորմացված են»,-ընդգծեց Նիդեռլանդների հայկական համայնքի ներկայացուցիչն ու հորդորեց Հայաստանում ապրող հայերին լրջությամբ վերաբերել հարցին և զերծ մնալ սխալներից, ինչը շատ կարևոր է:
 
Անդրադառնալով Նիդեռլանդներում  ՀՀ դեսպանության աշխատանքին՝ Աղաբեկյանն ասաց, որ դեսպանատունը ակտիվ է. դեղորայք է հայթայթում, թոքերի օդափոխման սարքեր, որոնք առաքվում են Հայաստան, աջակցում է այն հայրենակիցներին, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան:
 
Նիդեռլանդների ներկայիս հայ համայնքը կազմավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1948 թվականին մոտ 50 հայ ընտանիք գաղթել է Նիդեռլանդներ Ինդոնեզիայից՝ Նիդեռլանդների նախկին գաղութից։ 1956-ին մեծ թվով հայ ընտանիքներ այստեղ են ժամանել Հունաստանից, իսկ 1963-ին՝ Իրանից։ 1960 - 1970-ական թվականներին Թուրքիայի տարբեր քաղաքներից շուրջ 400 հայ տեղափոխվել է Նիդեռլանդներ՝ աշխատանք գտնելու նպատակով։ 1960-70-ականներին Նիդեռլանդներում հաստատվել է մոտ 800 հայ Դիարբեքիրից, իսկ 1970-80-ական թվականներին հայ համայնքը համալրվել է Իրանից, Իրաքից, Լիբանանից, իսկ վերջին տարիներին՝ նաև Հայաստանից եկած հայերով։ Նիդեռլանդներում բնակվում է շուրջ 7 հազար հայ։
 
Նիդեռլանդների հայերը պատկանում են միջին և բարձր դասին, նրանք հին և նոր ձեռնարկատերեր ու վաճառականներ, մտավորականներ, ճարտարագետներ, ճարտարապետներ, բժիշկներ, իրավաբաններ, բարձրագույն դպրոցի դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի ու գիտության գործիչներ են։ Տասնյակ ճարտարագետներ աշխատում են հոլանդական «Ֆիլիպս» և «Տելեֆունկեն» հանրահայտ ընկերությունների ձեռնարկություններում։ Զգալի թիվ են կազմում տեքստիլ արդյունաբերության մեջ աշխատողները։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են եկեղեցին, մշակութային միությունները։ Գրեթե բոլոր հայաբնակ քաղաքներում գործում են կրթամշակութային կազմակերպություններ, պատանեկան սկաուտական ջոկատներ, մարզական խմբեր, կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ:
 
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության
բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։
 
Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Թեստերից 4096-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 763 պացիենտ:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։
 
Անժելա Համբարձումյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 216 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար