Արտակարգ դրության պայմաններում կա հանցագործությունների թվի էական նվազում. Փոխոստիկանապետ


Արտակարգ դրության պայմաններում կա հանցագործությունների թվի էական նվազում. Փոխոստիկանապետ

  • 06-04-2020 16:26:56   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ-ում օպերատիվ իրավիճակը գտնվում է լիարժեք վերահսկողության ներքո, կա նաև հանցագործությունների թվի էական նվազում: 
 
Այս մասին ապրիլի 6-ին կառավարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: 
 
Ըստ նրա՝ չնայած որ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմ է սահմանված և ՀՀ ոստիկանությունն էական գործառույթներ է իրականացնում կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ուղղությամբ, այդուհանդերձ, բոլոր առումներով ոստիկանության առջև դրված խնդիրները կատարվում են: 
 
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ահազանգեր կան առ այն, որ շենքերի բակերում, զրուցարաններում և խաղահրապարակներում մարդկանց կուտակումներ կան և որևէ վերահսկողություն չկա, արդյոք ոստիկանությունը ստուգումներ իրականացնում է, փոխոստիկանապետը նշեց. 
 
«Ցավոք սրտի, դիտարկումը շատ ճիշտ է, բակերում հաճախ նման կուտակումներ մենք դիտարկում ենք: Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների կողմից ամենօրյա ռեժիմով շրջայցեր են կատարվում, և մեր ունեցած ուժերի քանակի հնարավորությունների սահմաններում փորձում ենք նաև բակային տարածքներում մեր քաղաքացիներին համոզել, որպեսզի նրանք չխախտեն ինքնամեկուսացման կանոնները»,- փաստեց Հ. Մհրյանը: 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն