Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը


Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

  • 07-04-2020 15:12:39   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ նախորդ օրը կորոնավիրուսի կասկածանքով ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների թեստավորման արդյունքներն այսօր ստացվել են,որոնցից մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական:
 
Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ քաղաքացին ապրիլի 2-ին առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ի «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ թեստավորված քաղաքացին եղել է ՀՀ-ից վերադարձած քաղաքացու հարևանուհին, ով ապրիլի 4-ին այլ խնդրով տեղափոխվել էր նույն բուժմիավորում՝ բրոնխիտի ախտանիշներով:
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում` ապա, նախորդ օրերին, նրա հետ շփված բոլոր 17 քաղաքացիները, ապահովության նկատառումներով, նախօրոք ինքնամեկուսացվել են և այս պահին որևէ ախտանիշներ չունեն:
 
Արցախի «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, նրա հետ հնարավոր շփումների շրջանակը ճշտելուց հետո, օրեր առաջ, ինքնամեկուսացված քաղաքացիների առանձնատներում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ են իրականացրել:
Նշենք, որ բնակավայրը շրջկենտրոնից գտնվում է 39 կմ, մայրաքաղաքից՝ 89 կմ հեռավորության վրա: Վերոնշյալ բնակավայրը, քաղաքացուն մեկուսացնելուց հետո, գտնվել է վերահսկողության տակ:
 
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play