Զարմացած ենք՝ ինչո՞ւ մինչև այժմ չկան ուղեցույց-տեսահոլովակներ, որոնք ընկալելի, պարզ լեզվով մարդկանց կբացատրեն, թե ինչպե՞ս դիմել այդ ծրագրերին. Պատգամավորը՝ սոցփաթեթների մասին


Զարմացած ենք՝ ինչո՞ւ մինչև այժմ չկան ուղեցույց-տեսահոլովակներ, որոնք ընկալելի, պարզ լեզվով մարդկանց կբացատրեն, թե ինչպե՞ս դիմել այդ ծրագրերին. Պատգամավորը՝ սոցփաթեթների մասին

  • 14-04-2020 17:02:07   | Հայաստան  |  Հասարակություն

Մենք զարմացած ենք՝ ինչո՞ւ մինչև այժմ չկան ուղեցույց-տեսահոլովակներ, որոնք ընկալելի, պարզ լեզվով մարդկանց կբացատրեն, թե ինչպե՞ս դիմել այդ ծրագրերին:
 
Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով պետության կողմից հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում քաղաքացիներին տրամադրվող սոցիալական աջակցության փաթեթներին: 
 
Ըստ նրա՝ այս օրերին իրենք ստանում են հարյուր հազարավոր զանգեր քաղաքացիներից, ովքեր փորձում են խորհրդատվություն ստանալ սոցփաթեթներից օգտվելու մասին:
 
Պատգամավորի գնահատմամբ՝ ծրագրերը գրված են բարդ, պարունակում են խրթին արտահայտություններ ու բառեր, որոնք մարդկանց համար տարընթերցումների տեղիք են տալիս: 
 
«Եվ այո՛, օրինակ՝ մարդիկ չգիտեն՝ իրենք միայնակ մայր են համարվում, թե ոչ, մարդիկ չգիտեն՝ հանրային ծառայությունների համարանիշը ո՞րն է, որտեղի՞ց ձեռք բերեն տեղեկանք: Այս բոլոր հարցերի վերաբերյալ պետք է լինեն տեսահոլովակներ, որպեսզի ընկալելի լինի: Երկրորդ՝ համակարգը լավ չի աշխատում, ես հասկանում եմ, որ կան շատ քաղաքացիներ, ովքեր միանգամից փորձում են մուտք անել իրենց տվյալները, բայց այն, որ համակարգը լավ չի աշխատում, դա կրկնակի խուճապ և սթրես է ստեղծում քաղաքացիների համար»,- նկատեց Ա. Սամսոնյանը: 
 
Վերջինս անդրադառնալով ծրագրերին՝ առանձնացրեց 6-րդ միջոցառումը, որն ասում է, որ քաղաքացին կարող է օգտվել այդ ծրագրից, եթե աշխատանքից ազատվել է մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամակահատվածում.
 
«Մարդիկ չեն կարողանում հասկանալ, եթե օրինակ՝ իրենք աշխատանքից ազատվել են մարտի 31-ին, ինչո՞ւ չեն կարող օգտվել այդ ծրագրից: Ես կարծում եմ՝ այս ծրագիրը վերանայելու իմաստ կա այն առումով, որ ապրիլի առաջին կեսը ևս մարդիկ են եղել, ովքեր աշխատանքից ազատվել են, մնացել են առանց աշխատանքի և դա, բնականաբար, արտակարգ դրության հետևանք է: Մյուս ծրագիրը 8-րդ միջոցառման հետ կապված ոլորտային է, և կարծում եմ, որ պետք է ընդլայնվի շահառուների թիվը, որովհետև արտակարգ դրության հետ կապված, այո՛, կան էլի ոլորտներ, որոնք կրել են վնասներ. օրինակ՝ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները: Եթե մենք ռեստորաններին ասել ենք՝ փակում եք բանալիով, չեք աշխատելու, այդ ուղևորափոխադրող ընկերություններին էլ ասել ենք՝ անջատեք շարժիչները, դուք չեք աշխատելու, և սա արտակարգ դրության հետևանք է»,- եզրափակեց Ա. Սամսոնյանը: 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play