Նախորդ օրը փակվել է դրական բալանսով. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, առողջացել է ևս 61 մարդ. Արսեն Թորոսյան


Նախորդ օրը փակվել է դրական բալանսով. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, առողջացել է ևս 61 մարդ. Արսեն Թորոսյան

  • 16-04-2020 11:20:28   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում ապրիլի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, առողջացել է ևս 61 մարդ։
 
Այս մասին կառավարության նիստի մեկնարկին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 
 
Ըստ նրա՝ նախորդ օրը փակվել է դրական բալանսով, ինչը նշանակում է, որ ակտիվ դեպքերի թիվը կրճատվել է 14-ով:
 
«Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1159 է, և նույն միջոցառումները շարունակվում են: Կարող եմ նաև տեղեկացնել, որ մոտավորապես 1500 հոգուց ավելի այս ամբողջ ընթացքում կարանտինից դուրս է եկել: Ինչպես նաև տեղեկացնեմ, որ կարանտինում գտնվող անձանց մոտ՝ մոտավորապես 300 հոգու մոտ, հաստատվել է դրական արդյունք: Սա ինչի եմ ասում, որպեսզի պարզ լինի, որ կարանտինային միջոցառումները շատ էֆեկտիվ են»,- ընդգծեց Ա. Թորոսյանը: 
 
Նրա խոսքերով, եթե այդ միջոցառումները չձեռնարկվեին, ապա շուրջ 300 քաղաքացու հետազոտած չէին լինի և հնարավոր է, որ վարակն ավելի մեծ տարածում ունենար: 
 
Նախարարի փոխանցմամբ՝ այս պահին հիվանդանոցների մահճակալային ֆոնդը կիսով չափ ծանրաբեռնված, և եթե կարողանան այս տեմպը պահել, ապա կարելի է հույս ունենալ, որ ներկայիս իրավիճակը դեռ երկար ժամանակ կմնա կառավարելի: 
 
«24 ժամյա ցիկլով իրականացրել ենք 537 ֆիքսված թեստավորում, բայց թեստերի մի մասը, քանի որ հաջորդ օրն է մուտքագրվել համակարգ, կարող եմ ընդհանուր թիվը ասել՝ 810 թեստ: Սա ինչով է կարևոր. մենք նաև համեմատում ենք այլ երկրների 1 մլն բնակչին բաժին ընկնող թեստերի թվով մենք բավական լավ դիրքերում ենք աշխարհում նույնիսկ մեր հարևանների ու գործընկերների հետ համեմատած»,- նկատեց Ա. Թորոսյանը: 
 
Տեղեկացնենք նաև, որ երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան ևս մեկ դեպք։ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։
 
Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։
 
Այս պահին փաստացի բուժում է ստանում 783 անձ, առողջացածների ընդհանուր թիվը հասել է 358-ի: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play