Դիլիջանի պետական քոլեջում «բեզպրեդել» է. Բաց նամակ Ռուստամ Բադասյանին


Դիլիջանի պետական քոլեջում «բեզպրեդել» է. Բաց նամակ Ռուստամ Բադասյանին

  • 27-04-2020 13:05:46   | Տավուշի մարզ  |  Ականատեսի աչքերով

ՀՀ Արդարադատության նախարար 
Ռուստամ Բադասյանին
Դիլիջանի պետական քոլեջի աշխատակից
Անուշ Խանզադյանից
Հեռ. 096-90 00 61
 
Դիմում-բողոք
 
Հարգելի Պարոն Բադասյան, 
Իմ վրդովմունքը, բողոքը, այո՝ նաև խնդրանքը ներկայացնելուց առաջ ուզում եմ ասելիքս սկսեմ մի փոքր նախաբանով, որպեսզի ամբողջական պատկերը պարզ լինի:
2014թ-ին մեկ դրույք հաստիքով աշախատանքի եմ ընդունվել Դիլիջանի պետական քոլեջում՝ որպես պարետ: 2015 թ-ին գնացել եմ երեխայի խնամքի արձակուրդ: Այն ժամանակ, երբ ես դեռ գտնվում էի երեխայի խնամքի արձակուրդում, 2017թ-ին Դիլիջանի պետական քոլեջում անցկացվեցին տնօրենի ընտրություններ, որին մասնակցում էին երեք հավակնորդներ, որոնց թվում էին անկուսակացական Վահագն Հովհաննիսյանը (վերջինս իմ ամուսինն է), «Դաշնակցություն» կուսակցության անդամ Գոհար Անտոնյանը և ևս մեկ աշխատակից քոլեջից: Ընտրություններում, բնականաբար, հաղթող ճանաչվեց Գ. Անտոնյանը: Տնօրեն ընտրվելու պահից սկսած նա սկսել է աշխատանքից անհիմն ազատել վաստակաշատ, ինչպես նաև   անչափահաս երեխաներ ունեցող մի խումբ աշխատակիցների, պառակտել է կոլեկտիվը, խաթարել է կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտը, իսկ քոլեջը հայտնվել է ֆինանսական ծանր կացության մեջ: Նրա կառավարման 9 ամիսների ընթացքում քոլեջում անցկացվել են տեսչական և աուդիտորական ստուգումներ: Արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ, որի հիմքով էլ ստացել է երկու նկատողություն: Աուդիտորական ստուգումների արդյունքում պարզվել է, որ քոլեջը ունի 6 մլն կրեդիտորական պարտք: 
2018թ-ին ԿԳ նախարարությունը, հիմք ընդունելով Գ. Անտոնյանի նկատողությունները, ազատում է աշխատանքից և տնօրենի պաշտոնակատար նշանակում Վահագն Հովհաննիսյանին, ով աշխատում էր այլ հաստատությունում: Սակայն Գ. Անտոնյանի ազատման հրամանի օրը վերջինս անաշխատունակության թերթիկ է ներկայացրել էլեկտրոնային տարբերակով ԿԳՆ (այստեղ Ձեր ուշադրությունն եմ ուզում սևեռել այն հանգամաքի վրա, որ Գ. Անտոնյանի ամուսին, դաշնակցական Լյովա Վանցյանը Դիլիջան քաղաքի շտապօգնության բժիշկ է): Գ. Անտոնյանը դատարան է դիմում ԿԳՆ նախարարի կողմից իր՝ աշխատանքից ազատման հրամանը բեկանելու մասով և անցնելով երեք դատական ատյաններով, արդարացվում է մեր «անաչառ» դատարանների շնորհիվ: Ուզում եմ այստեղ Ձեր ուշադրությունը սևեռել մի հանգամանքի վրա. այն ժամանակ, երբ նա ԿԳՆ է ներկայացրել անաշխատունակության թերթիկ զարկերարակային հիպերտոնիա ախտանշանով, միևնույն ժամանակ կատարել է բանկային գործարքներ և արձակել գրավոր հրամաններ: Վերոգրյալ փաստերը Դիլիջանի պետական քոլեջ ՊՈԱԿ-ը հայտնաբերեց այն ժամանակ, երբ կայացել էր առաջին ատյանի դատարանի վճիռը: Սույն փաստերը ներկայացվեցին վերաքննիչ դատարան, սակայն դատարանը հաշվի չառավ և առաջին ատյանի դատարայի վճիռը թողեց անփոփոխ: 
Հարց՝ արդյո՞ք ֆիզիկապես ի վիճակի  էր նման ախտորոշմամբ տնօրենը կատարել բանկային գործարքներ և արձակել հրամաններ և երկրորդ՝ արդյո՞ք իրավունք ուներ անաշխատունակության մեջ գտնվելով՝ կատարել վերոգրյալները: Կարծում եմ՝ ոչ: Եվ ամենահետաքրքիրը՝ դատարանները հաշվի չառան գործում ի հայտ եկած նոր հանգամանքները, ինչո՞ւ:
2018թ-ի սեպտեմբերին ես վերադարձա երեխայի խնամքի արձակուրդից, սակայն տնօրենի պաշտոնակատար Վ. Հովհաննիսյանը նշեց, որ նախկին տնօրեն Գոհար Անտոնյանը իմ հաստիքը ԿԳՆ հաստատման չի ներկայացրել և ընդգրկված չէ քոլեջի հաստիքացուցակում: 
Պարոն Բադասյան, ո՞ր օրենքով, ի՞նչ իրավունքով և ի՞նչ հիմքով է տնօրեն Գ. Անտոնյանը իմ հաստիքը հանել քոլեջի հաստիքացուցակից, այն դեպքում, երբ ես գտնվում էի երեխայի խնամքի արձակուրդում: 
Բայց տնօրենի պաշտոնակատար Վ. Հովհաննիսյանը, քոլեջի Կոլեգիալ կառավարման խորհրդի առաջարկով  ինձ տրամադրում է «Համակարգչային օպերատորի» հաստիք՝ պահպանելով իմ 1 դրույք միավորը: Այստեղ հարկ եմ համարում նշել նաև, որ Վ. Հովհաննիսյանը աշխատանքի է վերականգնել բոլոր այն աշխատակիցներին, ում անօրինաբար աշխատանքից ազատել էր նախկին տնօրեն Գ. Անտոնյանը : Պաշտոնակատարը իր կառավարման ժամանակահատվածում շտկել է այն բոլոր թերությունները, որոնց պատճառով աշխատանքից ազատվել էր Գ. Անտոնյանը: Կոլեկտիվում տիրում էր համերաշխություն, անկողմնապահություն, բոլորը ապահոված էին աշխատանքով և քոլեջը չուներ ֆինանսական ոչ մի խնդիր: Դրա մասին են փաստում Հովհաննիսյանի օրոք իրականացված ստուգումները:
2019 թ-ի  նոյեմբերին, 19 ամիս աշխատելուց հետո, աշխատանքից ազատվեց  տնօրենի պաշտոնակատար Վ. Հովհաննիսյանը և դատարանի «արդարացի» վճռով տնօրենի պաշտոնում վերականգնվեց Գոհար Անտոնյանը:  Վերականգնման օրվանից սկսած՝ նա վարում է իր նույն քաղաքականությունը, այն է՝ օգտվելով առիթից, որ ԿԳՄՍՆ մշակել և ներկայացրել է նոր, օրինակելի հաստիքացուցակ և որոշ աշխատակիցներ  ընդգրկված չեն այդ հաստիքացուցակում, բայց փոխարենը կան թափուր այլ հաստիքներ, նա իր ոչ սիրելի աշխատակիցներին, այդ թվում նաև ինձ,  տալիս է աշխատանքից ազատման ծանուցումներ: Տնօրեն Գ.Անտոնյանը ինձ գրավոր նոյեմբերի 25-ին  ծանուցել է հաստիքիս փոփոխության մասին, որից հետո 2020թ-ի փետրվարի 10-ին նորից գրավոր ծանուցել է՝ այս անգամ աշխատանքից ազատելու մասին: Ի պատասխան իմ բանավոր հարցմանը՝ նա պատասխանեց, որ քոլեջը չունի համապատասխան ֆինանսական միջոցներ, որպեսզի ինձ այլ հաստիքի տեղափոխի և նշեց, որ ես ոչ մի հաստիքի չեմ համապատասխանում: Ուզում եմ նշել, որ ես ունեմ բարձրագույն կրթություն և 15 տարվա աշխատանքային փորձ, որից 5 տարին քոլեջում: Չէ որ օրենքը սահմանում է, որ եթե աշխատողի հաստիքը կրճատվում է, ապա տնօրենը պետք է աշխատողին ապահովի թափուր հաստիքով:
 Իմ բանավոր հարցումից օրեր անց Գոհար Անտոնյանը նոր հաստիքով է ապահովում արդեն իսկ քոլեջի դասախոս, կուրսղեկ Արթուր Եղիազարյանին, ով իր մտերիմն է: Նա ակնհայտորեն թշնամանք է ցուցաբերում իմ նկատմամբ, քանի որ նախկին տնօրենի պաշտոնակատարի կինն եմ:
Տեղեկացել եմ նաև, որ տնօրեն Գ. Անտոնյանը ԿԳՄՍՆ է ներկայացրել  քոլեջի Կոլեգիալ կառավարման խորհրդի կողմից հաստատված հաստիքացուցակ, որում որոշ աշխատակիցների հաստիքներ, այդ թվում նաև իմը, ներառված չէ, սակայն Խորհրդում քննարկվել է, որ ոչ մի աշխատակից անգործ չի մնա, քանի որ հաստիքացուցակում առկա են թափուր հաստիքներ և պետք է  փոխարինվեն տվյալ հաստիքներով:  
Հարց է առաջանում. ինչպես ստացվեց , որ տնօրենի պաշտոնակատար Վ. Հովհաննիսյանը շտկեց Անտոնյանի  սխալները, ֆինանսապես բարելավեց քոլեջը, բայց կրկին Անտոնյանի  երեք աշխատանքային ամիսների ընթացքում  քոլեջը իր իսկ խոսքով ունի ֆինանսական խնդիրներ: Իսկ եթե քոլեջում ֆինանսական ճգնաժամ է առաջացել, ապա ինչո՞ւ էր ինքն իրեն ամանորյա պարգևավճար տալիս, այն դեպքում, երբ նա ընդամենը 2 ամսվա աշխատող էր: Մի՞թե երկու ամսվա աշխատող տնօրենը իրավունք ուներ  իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ , եթե գիտակցում էր, որ որոշ աշխատակիցներ կարող են աշխատանքից դուրս մնալ: Նա կամ չի գիտակցում, որը տնօրենի աթոռը զբաղեցնողի համար ամոթալի է, կամ էլ գիտակցելով ցանկացել է աշխատակիցներին վնասել: Ուզում եմ նշել նաև, որ իր և մի շարք աշխատակիցների աշխատավարձներ սահմանված է ավելին, քան օրենքով ամրագրված է նրանց հաստիքների համար: Ինչո՞ւ է  օրենքով ամրագրվածից իրեն ավելի աշխատավարձ տալիս, իսկ ինձ ու մնացծներին ազատում աշխատանքից՝ պատճառաբանելով քոլեջի ֆինանսական սուղ վիճակը: Քոլեջում նորից տիրում է անբարյացակամ մթնոլորտ, կոլեկտիվը պառակտված է և հուսահատության մեջ:
Աշխատակիցները բազմիցս իրենց գրավոր դիմում-բողոքներով և ստորագրություններով դիմել են ԿԳՄՍՆ: Քոլեջի Կառավարման խորհուրդը ևս մի քանի անգամ գրավոր դիմել է ԿԳՄՍՆ՝ անվստահություն հայտնելով տնօրեն Գ. Անտոնյանի նկատմամբ, սակայն ապարդյուն:
Հարգարժան Պարոն Բադասյան, մի՞թե մեր երկրում ոչինչ չի փոխվել: Ինչո՞ւ պետությանը 6 մլն դրամ  վնաս հասցրած տնօրենը չի պատժվել, դեռ ավելին՝ առանց պատժվելու նորից վերականգնվել է տնօրենի պաշտոնում և վարում է իր նախկին ԲԵԶՊՐԵԴԵԼ քաղաքականությունը: Ո՞վ է հովանավորը Գոհար Անտոնյանի, որ չեն կարողանում ենթարկել պատասխանատվության: Մի՞թե ժողովրդի պայքարը սրա համար էր: Ես ինչո՞ւ պետք է կորցնեմ իմ աշխատանքը նրա քմահաճույքի և կամայականության պատճառով: 
Աշխատակիցները 2017թ-ից մինչև այժմ դիմում-բողոքներով դիմել և դիմում են վերադաս մարմիններին, սակայն ապարդյուն: Ոչ ոքի չի հետաքրքրում կեսդարյա երբեմնի բարձր համբավ ունեցող հաստատությունը , թողնվել է բախտի քմահաճույքին, իսկ տնօրենը անում է այն, ինչ ուզում է:
 Խնդրում եմ Ձեզ, օգնեք և հետամուտ եղեք իմ դիմում-խնդրանքին, քանզի ես անչափահաս երեխաների մայր եմ և այդ աշխատանքով հոգում եմ երեխաներիս խնդիրները: Իսկ քոլեջի տնօրեն Անտոնյանը ապրլի 10-ից, այս ծանր համաճարակային և ֆինանսական պայմաններում ազատել է ինձ աշխատանքից: Խնդրում եմ Ձեզ, Ձեր վերահսկողության տակ վերցրեք խնդրանքս և ձեռք առեք համապատսխան միջոցներ սաստելու տնօրեն Գ. Անտոնյանի անօրինականությունները:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play