Կառավարությունը վետերաններից յուրաքանչյուրին կպարգևատրի 300 հազար դրամով


Կառավարությունը վետերաններից յուրաքանչյուրին կպարգևատրի 300 հազար դրամով

  • 30-04-2020 13:07:57   | Հայաստան  |  Հասարակություն

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առիթով կառավարությունը վետերաններից յուրաքանչյուրին կպարգևատրի 300 հազար դրամով։ 
 
Ինչպես կառավարության նիստի ընթացքում զեկուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, պարգևատրումը դիտարկվում է որպես գնահատանք նրանց ունեցած վաստակի և սոցիալական պաշտպանության միջոցառում։ 
 
«Առաջարկը ներկայացվել է Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոններին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, և մեր տարեկան բյուջեում վերաբաշխում իրականացնելու միջոցով մենք 86 մլն դրամ ենք հատկացնում այս միջոցառմանը։ Քանի որ այս տարի արդեն հայտնի արտակարգ դրության պայմաններում մենք նաև հանրային միջոցառումներ չենք ունենալու, ուստի այս համեստ պարգևատրումը կարծում ենք, որ ևս մեկ անգամ կհիշեցնեի վետերաններին, որ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում իրենց»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ վերոնշյալ պարգևատրումը միանվագ է։ 
 
Զ. Բաթոյանը նաև հիշեցրեց, որ նախորդ տարվանից կրկնապատկել են վետերանների ամենամսյա պարգևավճարը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 100 հազար դրամ։ 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն